Ուսամա բին Լադենի փեսային ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել

11:31 • 08.03.13

Ուսամա բին Լադենի փեսա Սուլեյման Աբու Գեյթին ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

 

Փետրվարի սկզբին Սուլեյմանը ձերբակալվել էր Անկարայի հյուրանոցներից մեկում՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների արդյունքում։

 

Ամերիկյան իշխանությունները պահանջում էին իրենց հանձնել նախկին «թիվ մեկ ահաբեկչի» փեսային, սակայն Թուրքիան մերժել էր և արտաքսել նրան Քուվեյթ, որի քաղաքացին է հանդիսանում նա։

 

Սակայն ամերիկյան գործակալները նրան բռնել են Հորդանանի տարածքում՝ նախքան Քուվեյթի սահմանը հատելը։

Աբու Գեյթը կարևոր դերակատարություն է ունեցել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման կառույցում և անմիջական մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ում 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին կազմակերպված ահաբեկչությանը։