Սիրիայի իշխանություններն ինքնուրույն կազատագրեն ՄԱԿ-ի առևանգված խաղաղապահներին
Սիրիայի իշխանությունները փորձում են ինքնուրույն ազատ արձակել օրեր առաջ Իսրայելի հետ սահմանին գերեվարված ՄԱԿ-ի խաղաղապահներին, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի այսօրվա հայտարարությանը:
Չորեքշաբթի օրը սիրիա-իսրայելական սահմանի ապառազմականացված շրջանում սիրիայի ընդդիմադիր գրոհայիները գերի էին վերցրել ՄԱԿ-ի 21 խաղաղապահներին, որոնց պահում են Ջամալա գյուղում:
Այդ գյուղը գնդակոծվում է սիրիական բանակի կողմից:
«Սիրիական կառավարությունն իր վրա է վերցնում այդ խաղաղապահներին ազատ արձակելու պատասխանատվությունը, որ վերջ դրվի անպատասխանատու ահաբեկչական գործողություններին», - ասել է Ջաֆարին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ռազմական կոնտինգենտն այդ գոտում վերահսկողություն է իրականացնում իսրայելա-սիրիական սահմանին, արաբա-իսրայելական պատերազմներից հետո կնքված հրադադարի պայմանագրի շրջանակներում:










