Մարտի 8-յան ֆլեշմոբեր Երևանի տարբեր հատվածներում

15:57 • 08.03.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին, տեղեկացնում է Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:


Ականատեսները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խոստովանել, որ զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով:


Մասնակիցները, շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ ևս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:  Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաև Շենգավիթ վարչական շրջանի` Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի և Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում: