Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Հանդիպման սկզբում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն իր և կուսակցության ղեկավար մարմնի անունից շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում:
Սեդրակ Աճեմյանը բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության գործունեությունը, ընդգծելով, որ չնայած դեռևս առկա բազմաթիվ խնդիրներին, որոնց ՀՀ նախագահն անդրադարձել է իր նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, Հայաստանը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների ուղիով, և անցած ժամանակահատվածում զգալի աշխատանք է արձանագրվել:
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ս.թ. փետրվարի 18-ի ընտրությունները նախորդների համեմատությամբ, մի քանի քայլով առաջընթաց է գնահատել, որը դրական արձագանք է գտել նաև միջազգային ասպարեզում:
Սեդրակ Աճեմյանը դրվատանքով է խոսել Հայաստանում սիրիահայերի նկատմամբ ՀՀ նախագահի գլխավորությամբ իրականացվող քաղաքականության, մեր հայրենակիցներին ցուցաբերվող մեծ ուշադրության, աջակցության և հոգատար վերաբերմունքի մասին:
Նշելով, որ հայ ժողովուրդը դեռևս դժվարին մարտահրավերներ ունի հաղթահարելու, ՍԴՀԿ ներկայացուցիչները կարևորել են համազգային խնդիրների լուծման գործում միասնականությունը և վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու ի նպաստ հայ ժողովրդի և պետության աջակցել իշխանություններին՝ այդ խնդիրների լուծման գործում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և հնչած գնահատականների համար՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՍԴՀԿ պատմական դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում և կարևորում է կուսակցության համագործակցության պատրաստակամությունը:










