Սևանի քաղաքապետը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկեց գնալ և բանակցել Սերժ Սարգսյանի հետ (թարմացված, տարբերակ 4)

11:55 • 09.03.13

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Գեղարքունիքի մարզում է: Մարզային այսօրվա այցելության առաջին կանգառը Վարդենիսն է։


Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմակիցների հետ կայցելի Մարտունի, Գավառ և Սևան քաղաքներ։ Վարդենիսում նրանք կլինեն՝ 11:30-12:30, Մարտունում՝ 13:00-14:00, Գավառում՝ 14:30-15:30 և Սևանում 16:00-17:00:


Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը վարդենիսցիների հետ արդեն սկսվել է:

 



12.45

Ես վախեցուկ չեմ, և պարո՛ն Սարգսյան, Դուք էլ ցույց տվեք, որ վախեցուկ չեք. Րաֆֆի Հովհաննիսյան


Գեղարքունիքի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը վարդենիսցիների բարբառով ասաց, որ ինքը «վախեցուկ» չէ խոսքն ուղղելով նախագահ Սերժ Սարգսյանին։ «Պարո՛ն Սարգսյան, Դուք վախեցուկ չեք, Դուք դա ցույց եք տվել Արցախյան պատերազմի ժամանակ, և հիմա ցո՛ւյց տվեք ժողովրդին, որ վախեցուկ չեք»:


Վերջինիս խոսքով՝ չնայած նրան, որ ինքը Վարդենիսում 12% ձայն է հավաքել, միևնույնն է, Վարդենիսը հաղթել է: «Ես այսօր եկա նաև այստեղ, այլ ոչ միայն Գյումրի, որտեղ 70%-ով հաղթեցինք, եկա Վարդենիս, որտեղ գողացան քվեն, բայց դուք նամուսով, թասիբով անվախեցուկ գնացիք քվեարկության»,- ասաց նա՝ ժողովրդին խորհուրդ տալով հաշվի չառնել պաշտոնական տվյալները:


«Դուք լավ գիտեք, թե քանի տոկոս վարդենիսցի է ապրում Ռուսաստանում, քանի ընտանիք կիսված է, օտարված է, իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս 12% սարքեցին»,- նշեց Հովհաննիսյանը:


Բարձրացնելով նաև արտագաղթի հարցը՝ վերջինս ասաց, որ այդ շրջանում գյուղեր կան, որտեղ ընտրությունների ժամանակ, պաշտոնական տվյալներով, մինչև 80% մասնակցություն է գրանցվել:


«Մենք գիտենք, որ հատկապես այդ գյուղերը դատարկվում են։ Այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան խփեցին»,- հարցադրում արեց նա և կրկին շեշտեց, որ ինքը «վախեցուկ» չէ:


Նկատելով, որ քաղաքի շենքերից մեկի վրա փակցված է Սերժ Սարգսյանի պաստառը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ բնակիչների սեփականությունը օգտագործում են քարոզչության համար, ինչը պետք է վերացնել:


Այնտեղ ևս «ժառանգության» առաջնորդը պահանջեց մարզպետի հրաժարականը և ասաց. «Ես վերջնագրով խոսող չեմ, բայց առաջարկում եմ, որ այն մարդը, ով անարդարություններ է թույլ տվել, պետք է իր կամքով հրաժարական տա, և ամեն մեկը պատասխան պիտի տա»:


Նա հերթական անգամ կոչ արեց, որ մինչև ապրիլի 9-ը գործող նախագահ Սերժ Սարգսյանը պարտավորվի ընդունել ժողովրդի հաղթանակը: Իսկ վերջում ասաց բնակիչներին, որ ինքը ճանապարհին այցելելու է նաև եկեղեցի, որտեղ մոմ է վառելու նաև Սերժ Սարգսյանի, Վարդենիսի քաղաքապետի համար, որպեսզի նրանք «լավ մտածեն և ճիշտ որոշում կայացնեն»: «Պիտի աղոթեմ նրանց համար»,- ասաց նա:


14.14

Միջադեպ Մարտունիում Րաֆֆի Հովհաննիսյանի այցի ժամանակ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելության ժամանակ «Ժառանգություն խմբակցության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր ելույթում ասաց, որ պետք է իրենց մեջից հանեն նրանց, ովքեր ընտրակեղծիքներ են արել և նրանց անվանեց թուրքեր: Այդ արտահայտությունը, սակայն, այնքան էլ չողջունվեց մարտունեցի մի ազատամարտիկի կողմից, ով ներկայացավ որպես «հատուկ գնդի» ազատամարտիկ և ասաց, որ պետք չէ նման բան ասել, քանի որ Մարտունի երբեք թուրք չի մտել, ինչն էլ դարձավ միջադեպի պատճառը:


Մյուս կողմից էլ մի շարք մարտունեցիներ փորձեցին վիճաբանել այդ քաղաքացու հետ, ինչը կանխեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասաց. «Ես արդեն հասկացա, որ դուք ուղարկված պրովոկատր եք, գործ չունեք այստեղ»:
«Սիրելի մարտունեցիներ, երբ ասում ենք, որ մեր միջի օտարը , թուրքը պետք է դուրս հանենք, դա նշանակում է, որ մեր միջի ստրուկը պետք է դուրս հանենք»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ ինքը վերադարձել է Հայաստան ԱՄՆ–ից, և թող ոչ մեկն իրեն հայրենասիրության դասեր չտա, և եթե պետք լինի, ինքը կգնա և կծառայի Արծվաշենում:


Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ պետք է հանենք մեր միջի ստրուկը, և ով դեմ եղավ ժողովրդին պատասխան պետք է տա: Նա նաև ասաց, որ սա առաջին անգամն է, երբ ժողովրդի հաղթանակը տանելու են մինչև վերջ, և ժողովուրդը գիտի դա:


Անդրադառնալով ընտրությունների պատշոնական տվյալներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «իշխանությունները թվաբանություն արեցին, նկարչություն արեցին, բայց բոլորս էլ գիտենք, որ հենց Մարտունիում ժողովուրդը հաղթանակ է տարել»:


«Թքած այդ 25%-ի վրա, որը պաշտոնական տվյալն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամը եկել է, որպեսզի մնացած բոլոր պաշտոնյաները չվախենան ժողովրդի հաղթանակից:


«Պարոն (Սերժ) Սարգսյանը, ցավով եմ ասում, որ ճար չունի, որովհետև իր ենթակաները այնքան կեղծիք թույլ տվեցին, որ հիմա ինքը ակնհայտորեն ձեր ներկայացուցիչը չէ, հիմա ինքը լավ պիտի մտածի, և ինքը գիտի, որ իր լեգիտիմությունն իրավական հիմք չունի»,- ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանը ո՛չ մարտունեցիներինն է, ո՛չ էլ իրենը, և եթե սրանից հետո որևէ մեկը վախեցնի և խախտի ժողովրդի իրավունքը, պատասխան պիտի տա:


«Ժառանգության» առաջնորդը մարտունեցիներին խոստացավ, որ ապրիլի 9-ը ջրբաժան օր է լինելու, և հաջորդ ընտրությունը պետք է իշխանության բերեն իրենց ուզած քաղաքապետին և մարզպետին:

 


15.46


Գավառում Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեցին գնալ և Սերժ Սարգսյանի հետ մի սեղանի շուրջ նստել

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նույնպես առանց միջադեպի չանցավ: Գավառցիներից մեկը հարց ուղղելով նրան՝ ասաց, որ եթե հիմա մենք Ռուսաստանի հետ փչացնենք հարաբերությունները, Ամերիկան մեզ տեր կկանգնի՞, թե ոչ: «Գնացեք, դու ու Սերժը նստեք մի սեղանի շուրջ, էս ժողովրդին մի՛ տեղահան արեք, միայն Ռուսաստանն է մեզ տեր կանգնում»,- ասաց քաղաքացին:


Չնայած նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ հարցն իր ելույթում խոսել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ ասելով, որ ժողովրդի կողմից ընտրված նախագահը լավ հարաբերություններ պետք է ունենա Ռուսաստանի հետ, և մնացած մեծ պետությունների հետ, և դա նշանակում է, որ միաժամանակ այդ աշխարհի մեծերը պետք է ճանաչեն հայ ժողովրդի հաղթանակը, նորից պատասխանեց գավառցու հարցին։


«Ամեն մեկն իրավունք ունի իր տեսակետն արտահայտել, բայց ոչ ոք իրավունք չունի սադրել: Առաջին հերթին Հայաստանի տերը Հայաստանի քաղաքացին է, երկրորդ՝ բոլոր երկրները պետք է հարգեն մեր շահերը: Ռուսաստանի հետ հարաբերությունն ավելի կարևոր են, բայց մեր թագավորը լինելու է հայ մարդը»:


Վերջինիս խոսքով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները շատ լավ կլինի, բայց բոլորը պետք է ճանաչեն մեր ժողովրդի իրավունքը և իշխանությունը:


Նա գավառցիներին վստահեցրեց, որ ինքը եկել է ոչ թե իշխելու, ոչ թե փայ մտնելու, այլ նրանց ծառայելու: «Թող ոչ մեկը չհուսահատվի, որովհետև հաղթանակն արդեն տրվել է: Գավառը պաշտոնական 35% տոկոս բերեց, բայց նվազագույնը թվերի տեղը կարելի է փոխել և ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա՝ նշելով, որ հայ ժողովուրդը զարթոնք է ապրում, և ոչ թե Րաֆֆիի համար, կամ էլ Սերժի դեմ, այլ՝ ընդհանրապես:


«Սիրելի՛ գավառցիներ, դուք արել եք անհավանականը, և մենք պիտի գնանք մինչև վերջ, և ոչ թե մինչև մահ, այլ մինչև կյանք՝ հաղթանակ»,-ասաց նա՝ պահանջելով նոր ընտրություն. «Նոր ընտրություն, դավայ, դեմ առ դեմ, թող ժողովուրդը որոշի, ես պատրաստ եմ դրան»:


«Ես փոխանցում եմ ժողովրդի պահանջը, տղերք հերի՛ք է կուսակցական խաղեր տաք»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը։




17.15
 
Սևանի քաղաքապետը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկեց գնալ և բանակցել Սերժ Սարգսյանի հետ


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանի հանդիպումը սևանցիների հետ նույնպես առանց միջադեպերի չանցավ: Այնտեղ նրան դիմավորեց անմիջապես քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ռուդիկ Ղուկասյանը, ով Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց գնալ և բանակցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ընդունել վերջինիս հաղթանակը:

«Այս երկիրը թիկունք պահող երկիր է, և մեր խնդրանքն է՝ բանակցե՛ք նախագահի հետ և ժողովրդին չբզկտեք»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած մարդիկ այս երկիրը սխալ ուղով են տանում:


Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը չի հաղթել, քանի որ նրա համար օգտագործվեց ադմինիստրատիվ ռեսուրսը և պահանջեց մարզպետի հրաժարականը:


Քաղաքապետը նաև նշեց, որ իրենց զայրացրել է Ռուբեն Հակոբյանի այն խոսքերը, թե իբր Գավառում տղամարդ չկա: «Հայտարարել եք, որ տղամարդ չկա, եկել ենք մեր տղամարդկությունը ցույց տանք, Ռուբեն Հայոբյա՞նն է տղամարդ»,-բորբոքված հարցն ուղղեց Հովհաննիսյանին:


«Ես չեմ եկել բանավիճելու համար, ես եկել եմ այստեղ բարև ասելու: Իսկ մարտի մեկն անցել է, և ես թույլ չեմ տալու ոչ մի կաթիլ արյուն թափվի, բայց եթե չենք ուզում ոչ մի կաթիլ արյուն, բոլորս միասին պիտի ընդունենք ժողովրդի հաղթանակը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ամենը ցույց է տալիս, որ եթե մեկը խոսում է Մարտի 1-մասին, անկայունության մասին, դա իրենք չեն: «Տղա՞ եք բերում վրաս, ուրեմն յան տվեք այս պրովոկացիան, դուք ինձ խփեք, ես ձեզ չեմ խփելու»,- հայտարարեց նա՝ վստահեցնելով, որ եթե լարվածություն լինի, ապա դա իր կողմից չի լինելու:


«Այս սրությունը (նկատի ունի լարվածությունը – Tert.am) ես չեմ բերել, պարո՛ն քաղաքապետ, հայ ժողովուրդը սխալ ուղու վրա չէ, դուք էլ կարող եք այդ հեքիաթի մեջ ապրել, ես չեմ կասկածում ձեր վրա, բայց եթե դուք ասում եք, որ Սարգսյանն ընտրվեց, ուրեմն դուք էլ խեղում եք ժողովրդի հաղթանակը»,-ասաց նա քաղաքապետին՝ նշելով, որ սևանցիներն ունեն եզակի քաղաքապետ և անկեղծ շնորհակալություն հայտնեց քաղաքապետին:


Հովհաննիսյանը նաև նշեց, որ ներկա դրությամբ, եթե ընտրված նախագահ կա, ապա նա Սերժ Սարգսյանը չէ:
Ի պատասխան քաղաքապետի հայտարարությունների՝ սևանցի մի կին մոտեցավ և ասաց, որ հենց քաղաքապետն է խեղել ընտրությունները: «Գիտեմ, որ կեղծել եք ընտրությունները, թաքցնում եք, առաջին կեղծարարը դուք եք»,- ասաց նա՝ կոչ անելով Րաֆֆի Հովհաննիսյանին տեր կանգնել իրենց ձայներին: