ԱՄՆ-ի նահանգներից մեկում ուսուցիչներին թույլատրվել է զենք կրել
ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում նոր օրենք է ընդունվել համաձայն որի՝ ուսուցիչներին և, առհասարակ, դպրոցի աշխատակիցներին թույլատրվում է զենք կրել։ Այս մասին տեղեկացնում է Лента-ն՝ հղում կատարելով BBC News-ին։
Հանրապետականների նախաձեռնությամբ ընդունված օրենքը շրջանառության մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսից։ Սակայն այն չի պարտադրում ուսուցիչներին աշխատանքի զինված գնալ, այլ ընդամենը նրանց ընտրության հնարավորություն է ընձեռում։
Զենք կրելու իրավունք ստացած ուսուցիչները կկոչվեն «դպրոցական հսկիչներ», իսկ նրանց հետ համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ կզբաղվեն իրավապահ մարմինները։
Նոր օրենքի աջակիցները գտնում են, որ այն կօգնի կանխարգելել դպրոցի վրա իրականացվող հարձակումները՝ օրինակ բերելով անցած տարվա դեկտեմբերին «Սենդի Հուկ» դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը սպանել էր 20 աշակերտի և 6 ուսուցչի։










