Կույսի նման պետք է իր պատիվը պահի քաղաքական գործիչը. Ա. Ադիբեկյանը և Ս.Սաֆարյանը օֆշորային սկանդալի մասին

12:47 • 24.06.13

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ վերջերս ծագած օշֆորային սկանդալին, ասաց, որ եթե Հայաստանի բանկերում հաշիվ բացելու համար առնվազն անձնագրի պատճենն են պահանջում, ապա Արևմուտքում այդպես չէ. դիմում ես, ստորագրում ես ու բացում են։


Սոցիոլոգը պնդում է, որ Տիգրան Սարգսյանին վարկաբեկելու համար են նրա անունը կապել օֆշորային գոտում իր անունով գրանցված ձեռնարկության հետ: «Պարզ է, որ վարչապետը շատերի դուրը չի գալիս, և չուզողների թիվը իշխանական և ոչ իշխանական ճամբարում շատ է, ովքեր ուզում են, որ նրա գործերը գնան»,- ասաց նա և սեփական օրինակը բերեց, թե ինչպես իրենից ոչ մի փաստաթուղթ չեն պահանջել, երբ 1999-ին նման մի հաշիվ է բացել։


Հիշեցնենք, որ ըստ Hetq.am էլեկտրոնային կայքի՝ «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրված հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվության՝ վարչապետը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններից մեկի բաժնետեր է, իսկ նրա գործընկերներն են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը:


«Եթե տարածված տեղեկությունների մեջ լիներ, թե ինչքան գումար կա այդ հաշվի վրա, որ դա շատ է, օրինակ՝ 100 000 դոլար և այլն, այդ ժամանակ ես կհավատայի, որ լուրջ քայլ է եղել, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մեկը սադրանքի համար է նման քայլի գնացել»,- ասաց Ադիբեկյանը։


Սոցիոլոգն այնուհետև նշեց, որ ինքը գնահատում է հենց վարչապետի տաղանդը, որի շնորհիվ միջազգային կազմակերպությունները Հայաստանին վարկեր են տրամադրում։


«Հետևելով նրա գործունեությանը, ոչ մի միջազգային կառույց մեզ վարկեր չէր տա, մեծ հեղինակություն ունի տնտեսական հարցերում, նա ունի թիմ, որ այդ հարցերը կարողանում են լուծել»,- ասաց նա և կրկնեց, որ տարածված տեղեկությունը «կոպիտ, գռեհիկ սադրանք է՝ վարկաբեկելու և հոգևորականին և վարչապետին»։


Դիտարկմանը, թե լրագրողներից մեկը այդուհանդերձ փորձել էր Նիկոլ Փաշինյանի անունով հաշիվ բացել օֆշորային գոտում, ինչին ի պատասխան, հստակ նշել էին, որ առանց տվյալ անձի համաձայնության և ստորագրության՝ հնարավոր չէ, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Գուգլը բացեք , տեսեք քանի Տիգրան Սարգսյան կա»։


«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հակադարձեց, որ եթե հազար Տիգրան Սարգսյանն էլ լինի, արդեն իսկ Աշոտ Սուքիասյանը հաստատել է, որ խոսքը որևէ այլ Տիգրան Սարգսյանի մասին չէ, այլ վարչապետի, ում անունով էլ ինքը բացել է, «իբր» առանց նրա իմացության։


«Հայաստանի համար իսկապես սկանդալային է և աննախադեպ, որ սկանադալի կիզակետում երկրի բարձրաստիճան պաշտոնյա է և որ ավելի զավեշտալի՝ հոգևորականը, երկրի կարկառուն ներկայացուցիչը, ոչ ամենևին պատահական հոգևորական չէ, բայց մարդիկ այսքանից հետո ներողություն չեն խնդրում, քանի որ սա կապվում է գործարարի ունեզրկման հետ»,-ասաց նա։


Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ վարչապետի բարի համբավը գետնին տալու համար, պաշտոնական պարզաբանումները համոզիչ չեն։ «Եթե դա որևէ մեկին վնասելու միջոց լիներ, Հայաստանը չէր լինի առաջին երկիրը։ Եթե այդպես լիներ Օբամայի համար էլ կգտնվեր մեկը, որ կցանկանար նման կերպով պատվազրկել, բայց փաստորեն մեր դեպքում, դա առաջինն է»,- ասաց նա։


Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս միջադեպը, եթե անգամ այսօր չհանգեցնի վարչապետի պաշտոնանկության, այդուհանդերձ սև գիծ է լինելու նրա քաղաքական կարիերայի համար։


Թեև Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այս պատմությունն ինչ-որ չափով ձեռնտու չէ, քանի որ 2018-ի ընտրություններին սա նրան կկաշկանդի, մյուս կողմից էլ կարծում է, որ գուցե դեմ էլ չէ այս պատմության շահարկմանը։


«Սերժ Սարգսյանին չեն հուզում այս պատմությունները, մի կողմից Տարոն Մարգրայանի ունեցվածքի հետ կապված, մյուս կողմից վարչապետի։ Երևի, մտածում է՝ ինչու երկիրը պետք է խոսի միայն իր և իր ընտրանքից, իսկ մնացածները սրբի նման մնան»,- ասաց նա։


Ահարոն Ադիբեկյանը Ստյոպա Սաֆարյանի վերլուծությունը համարեց «դասական դեմագոգիա», քանի որ, ըստ սոցիոլոգի, նա չէր նշում, թե կոնկրետ այս օրը վարչապետը գնացել է Կիպրոս, ում է հանձնարարել և այլ մանրամասներ։ Ստյոպա Սաֆարյանը ստիպված էր ներկայացնել փաստաթղթերի վրա հիմնված ամբողջ պատմությունը։


Այնուհետև Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ ցանկացած քաղաքական գործիչ հաշիվ ունի օֆշորային գոտում բացված, ինչին Ստյոպա Սաֆարյանն արձագանքելով՝ ասելով, որ «քաղաքական, պետական գործիչը պետք է կույսի նման իր պատիվը պահի և թույլ չտա նման գործարքներ կապել իր անվան հետ»։


«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորը վերջում նշեց, որ եթե դա հաստատվի, ապա պաշտոնանկություն կլինի։ «Դա դժվար չի, կա բանկ, կա փոխանցում, դժվար չի բացահայտել։ Եթե այդպես է, վարչապետը պետք է նույն օրը հրաժարական տա»,- եզրափակեց նա։