Ֆրանսիայում ձերբակալել են Adidas ընկերության նախկին սեփականատիրոջը
Ֆրանսիական իշխանությունները հունիսի 24-ին կալանքի տակ են առել Adidas ընկերության նախկին համասեփականատեր Բեռնար Տապիին, ով կասկածվում է ֆինանսական խաբեությունների համար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Նրան մեղադրանքներ ներկայացնելու համար քննիչներն ունեն 4 օր։ Եթե այդ ժամկետը լրանալուց հետո մեղադրանքներ չներկայացվեն, ապա Տապին ազատ կարձակվի։
Նա բացատրություններ կտա Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայիս տնօրեն Քրիստին Լագարդի գործում իր դերի մասին, որը 2007-2011թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։
Տապին հասցրել է մեկնաբանել իր ձերբակալությունը։ Տեղի ռադիոյին տված հարցազրույցում նա նշել է, որ իր դեմ առաջին անգամ չէ, որ մեղադրանքներ են ներկայացվում, սակայն դատախազությունը մինչ այժմ չի կարողացել ապացուցել դատարանին, որ նա ինչ-որ հարցում մեղավոր է։ Նա նման ավարտ է սպասում նաև այս անգամ։
Այսպես կոչված՝ «Տապիի գործը» Ֆրանսիայում ձգվում է արդեն մի քանի տարի։ 1993-ին գործարարը վաճառել է Adidas ընկերության իր մասնաբաժինը։ Մի քանի տարի անց նա մեղադրել է գործարքի միջնորդ Credit Lyonnais պետական բանկին խաբեության համար և պահանջել իրեն փոխհատուցում վճարել հասցրած վնասի դիմաց։










