Արմավիրցիները բացել են ճանապարհը. մարզպետը եկել է ու առաջարկել, որ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի
Այսօր առավոտվանից Հոկտեմբերյանից Թալին տանող ճանապարհը փակած Արմավիրի մարզի Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչները ոստիկանների հորդորով բացել են ճանապարհը, սակայն ժամանած մարզպետը նրանց ոչ մի լավ բան չի ասել, առաջարկել է, որ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Պռոշյան գյուղի բնակիչ Դավիթ Սողոմոնյանը, ով ավելի վաղ հայտնել էր նաև ճանապարհը փակելու մասին:
«Միլիցեքն ասում էին՝ «Բացե՛ք, նախարարը կգա, բայց եկավ մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը, ով ասում ա՝ «ամեն մեկը թող իր ապրանքը ծախի»: Որ իրենք ձեռքերը լվանան ու քաշվեն մի կողմ»,- պատմեց Դավիթը:
Հիշեցնենք, որ ճանապարհի փակման պատճառ էր նշվել այն, որ մթերող ընկերությունները գյուղացիներին ստիպում են ծիրանը վաճառել 200-250 դրամով: Այն դեպքում, երբ Սերգո Կարապետյանը հունիսի 21-ին լրագրողներին հետ զրույցում վստահեցրել էր, որ ծիրանը մթերվում է 400-500 դրամով:
Ի դեպ, երբ գյուղացիները մարզպետ Ղահրամանյանից հետաքրքրվել են, թե ինչու գյուղնախարարը չի եկել,վերջինս նշել է. «Որ գար, ի՞նչ պետք է աներ»: Ըստ Դավիթի՝ «այ տենց վերացական բաներ»:
Վերջինիս խոսքով՝ նախկինում վրացի գնորդները շահագրգռված են եղել հայկական ծիրանով, սակայն հիմա էլ չեն գալիս, և գյուղացիները մարզպետից խնդրել են, որ գոնե Վրաստանից գան, իրենց ապրանքն առնեն, տանեն դրսում իրացնեն:
Աշոտ Ղահրամանյանը, սակայն, նրանց հավաստիացրել է, թե վրացի գործարարները էլ չեն գալիս ու ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի կառավարության սահմանած հարկերի պատճառով: Եվ հիմա հայկական ծիրանի խմբաքանակ գնելն ու Վրաստանում վաճառելը էլ վրացի գործարարների համար ձեռնտու չէ:
Ի պատասխան հարցի, թե առա՞ջ ինչ էին անում նման դեպքերում, պռոշյանցի գյուղացին նշեց, որ եթե բերքը քիչ էր լինում, իրացման հարց չէր ծագում: «Ինչ վերաբերում է էս տարվան, ես 66 տարեկան մարդ եմ, սենց բերք դեռ չեմ հիշում: Շատ-շատ է»,- ասաց Դավիթ Սողոմոնյանը: Նա իր խոսքը եզրափակեց ՝ նկատելով, որ մարդկանց մոտ այս պահին հուսահատական վիճակ է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակը մեզ փոխանցեց, որ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այս պահին Արմավիրի մարզում է:










