Իվանիշվիլին կհեռանա քաղաքականությունից, երբ ձերբակալեն Սաակաշվիլիին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ էստոնական Postimees պարբերականում արած հայտարարության մասին այսօր հոդված է գրել «Խրոնիկա» թերթը։
Հոդվածում նշվում է, որ Իվանիշվիլին ԱՄՆ դեսպանին ասել է, թե իր իշխանությունները կձերբակալեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Դեսպանն ասել է. «Դուք դա չեք անի», ինչին հետևել է վարչապետի պատասխանը. «Ես ձեզ ցույց կտամ, և երբ Սաակաշվիլին ձերբակալվի, ես կհեռանամ քաղաքականությունից»։
Իվանիշվիլին էստոնական պարբերականին տված հարցազրույցում քաղաքականությունից հեռանալու մասին հերթական հայտարարությունն է արել։ Այժմ էլ նա հայտարարել է, որ քաղաքականությունից կհեռանա 2013թ.-ի հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններից հետո։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունները վաղաժամ է համարել։
«Դա չմտածված և հապճեպ հայտարարություն է, որի հետևում, բնականաբար խնդիրներ կան»,-ասել է Սաակաշվիլին նշելով, որ երկրում ամեն ինչ «այնպես չի ընթացել, ինչպես կցանկանար Իվանիշվիլին»։










