Ուզբեկստանի նախագահը գումար աշխատելու համար արտերկիր մեկնող համերկրացիներին ծույլիկ է անվանել

13:46 • 24.06.13

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը քննադատել է աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնող համերկրացիներին, հայտնում է Лента-ն:

 

Ինչպես հայտնում է Central Asian News-ը, նա աշխատանքային ներգաղթյալներին անվանել է «ծույլիկներ», ընդգծելով, որ նրանք իր մոտ հակակրանք են առաջացնում։

Կարիմովն այդ թեման շոշափել է նախորդ շաբաթվա վերջին։

«Ես ծույլիկ եմ համարում նրանց, ովքեր Մոսկվա են մեկնում և այնտեղի փողոցներն ավլում։ Հակակրանք ես զգում, երբ ուզբեկները մեկնում են այնտեղ մի կտոր հացի համար։ Ուզբեկստանում ոչ ոք չի մեռնում սովից...»,-ասել է նա։

 

Նախագահը նաև հավելել է, որ «մեծ գումարներ աշխատելու ցանկությունից տոգորված նրանք գնում են այնտեղ ու խայտառակում մեզ բոլորիս»։

 

Ինչպես նշում է աղբյուրը, արտերկրում են գտնվում Ուզբեկստանի միլիոնավոր քաղաքացիներ, հիմնականում՝ Ռուսաստանում։