Սիրիական պատերազմը մարտահրավերների առջև է կանգնեցրել հայ համայնքին. Glendale News Press
Սիրիայում երկու տարուց ավելի շարունակվող քաղաքական ճգնաժամը, Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, առնվազն 93 հազ. կյանք է խլել: Փախստականների թիվն էլ, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, մոտ ապագայում գերազանցելու է 2,5 մլն-ը: Մինչև սիրիական ճգնաժամի սկիզբը՝ 2011թ., սիրիահայ համայնքի թվաքանակը, պաշտոնական տվյալներով, կազմում էր մոտ 100 հազ. մարդ (ոչ պաշտոնական թվերն ավելի համեստ էին՝ 60-70 հազ.): Կառավարական զորքերի և ապստամբների միջև շարունակվող մարտերի հետևանքով, ոչ պաշտոնական տվյալներով, մերձավորարևելյան այդ երկիրը լքել է առնվազն 10 հազ. հայ… Սիրիահայ համայնքի ղեկավարների խնդիրն այսօր ոչ միայն հայերին առճակատման մեջ ներքաշվելուց հեռու պահելն, այլև կայացած ու կազմակերպված համայնքը պահպանելն է…:Սիրիայի հայկական համայնքին, սիրիահայերի խնդիրներին է անդրադարձել ամերիկյան Glendale News Press պարբերականը: «Սիրիական պատերազմը մարտահրավերների առջև է կանգնեցրել հայ համայնքին» վերտառությամբ հոդվածում Բրիթանի Լևինը գրում է, որ այժմ սիրիահայ համայնքի առջև ծառացած ամենագլխավոր մարտահրավերը երբեմնի կայացած համայնքի կազմալուծմանը դիմագրավելն է…
Հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հասկանալու համար, թե Զավեն Խանջյանը ինչու է ցանկանում, որ քաղաքացիական պատերազմի խաչաձև կրակի տակ հայտնված սիրիահայ համայնքը շարունակի ապրել և գոյատևել այդ երկրում, անհրաժեշտ է մոտ մեկ դար ետ գնալ:
Հայերը Սիրիայում սկսել են բնակություն հաստատել երկու տարի առաջ սկսված ճգնաժամից շատ առաջ`1915թ-ի Ցեղասպանության ժամանակ, երբ արտաքսվել են Թուրքիայից:
Թշվառ ու անօգնական քրիստոնյաները ջերմ ընդունելության են արժանացել սիրիացի արաբների կողմից, բնակություն են հաստատել այնտեղ ու բարգավաճել են, հատկապես Թուրքիային սահմանակից Հալեպ քաղաքում, որն այսօր զգալիորեն տուժել է ապստամբների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած մարտերի հետևանքով:
«Մենք ցանկանում ենք, որ սիրիահայ համայնքը գոյատևի ու պահպանի իր գոյությունը պատերազմի ժամանակ»,-ասում է Գլենդեյլի (քաղաք ԱՄՆԿալիֆոռնիայի նանանգում-Tert.am) անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակից, Հալեպի բնակիչ Խանջյանը, որը ղեկավարում է «Սիրիահայերի օգնության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը:
Մինչ շատուշատ հայեր շարունակում են իրենց պարտավորված զգալ Սիրիայի հանդեպ՝ մի երկրի, որը ջերմորեն ընդունել էր իրենց, երբ իրենք ունեին դրա կարիքը, հազարավոր հայեր, իրենց տների և եկեղեցիների վրա իրականացվող հարձակումների, ինչպես նաև առևանգումների թվի աճին զուգահեռ, շարունակում են փախչել այդ երկրից…
Նույնիսկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն է վնասվել ու կողոպտվել (հավանաբար նկատի ունի Դեյր ազ Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցին-Tert.am)` ասում է «Հայ օգնության միություն» կազմակերպության Արևմտյան Ամերիկայի թևի նախագահ Լենա Բոզոյանը:
Միության գլխավոր նպատակը, ճիշտ է, սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելն է, կազմակեպությունը, սակայն, նաև պատմական նշանակություն ունեցող հայկական համայնքը քայքայումից փրկելու մեծ ցանկություն ունի:
Միչիգանի համալսարանի Հայագիտության կենտրոնի պրոֆեսոր, պատմաբան Արա Սանջյանը կարծում է, որ հայկական համայքնի թվաքանակի նվազումը բացասական, երկարատև հետևանք է ունենալու համայնքի մշակութային կյանքի վրա:
Սիրիայում հայկական համանքը պահպանելու ջանքերը, սակայն, գնալավ դժվարանում են, քանի որ մարտերը շարունակվում են, իսկ դրանց թատերաբեմը Հալեպն է, որն ամենահայաշատ քաղաքն է: Հայերի մեծ մասը հավատարիմ է գործող վարչակազմին, սակայն ինչպես ընդգծում է Խանջյանը, բարեգործական ջանքերը քաղաքաքականության հետ որևէ առնչություն չունեն:
Սիրիահայերի օգնության հիմնադրամը անցած տարի Գլենդեյլում գործող Հայ օգնության միության և բարեգործական մի քանի խմբերի հետ համատեղ 500 հազ. ամերիկյան դոլար օգնություն է ուղարկել սիրիահայերին: Կազմակերպիչները ևս 100 հազ. դոլար հավաքել են երկու շաբաթ առաջ Հոլիվուդում (շրջան Լոս Անջելես քաղաքում) անցկացված բարեգործական համերգի ժամանակ:
Գումարը ուղարկվել է Սիրիայի հայկական հասարակական կազմակերպություններին, որոնք դրանով սնունդ, հագուստ, շինանյութ (քանդված շինությունները վերականգնեու համար) են տրամադրել հայերին, կարիքավորները նաև անհրաժեշտ բուժօգնություն են ստացել: 2013թ. հունվարին էլ՝ Ծննդյան տոների ժամանակ, մոտ 5 000 ընտանիքի գումար է բաժանվել:
Մինչ Սիրիահայերի օգնության հիմնադրամը կսկսեր իր գործունեությունը, Հայ օգնության միությունն արդեն հայկական դպրոցների համար 100 հազ. ամերիկյան դոլար էր հավաքել: Սակայն կան բաներ, որոնց համար հիմնադրամը գումար չի հատկացնի՝ օրինակ գումար չի հատկացնի Սիրիան լքելու ծախսերը հոգալու համար:
«Մենք ցանկանում ենք, որ մեր հայերը մնան այնտեղ»,-ասում է Բոզոյանը
Սիրիայում հայ բնակչության թվի մասին տվյալները տարբեր են. Սանջյանը, սակայն, նշում է, որ նախքան հակամարտության սկիզբն այդ երկրում բնակվում էր 70 հազ. հայ, որոնց 70 տոկոսը՝ Հալեպ քաղաքում: Հայկական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ավելի քան 10 հազ. հայ է հակամարտության ժամանակահատվածում Հայաստան և Լիբանան տեղափոխվել: Որոշ տվյալներով էլ այդ թիվը երկու անգամ ավելին է...
ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության կայքում («Տվյալների բազա» բաժնում) հրապարկված տվյալների համաձայն՝ Սիրիան ունի 22,5 մլն բնակչություն, որի 90 տոկոսը արաբներ են, մնացած 10 տոկոսը կազմում են քրդերը, հայերը և մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Սիրիահայերի շրջանում հայերենը լայնորեն տարածված է, չնայած որ այն տարբերվում է այն հայերենից, որով խոսում են Հայաստանում, ինչը որ Հայաստան գաղթած սիրիահայ փախստականների համար խոչընդոտներ է ստեղծում:
Խանջյանը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկում սիրիահայերի կյանքը հեշտացնելու համար, ինչպես օրինակ սիրիահայերին թույլատրվում է օգտագործել իրենց վարորդական իրավունքը, այդուհանդերձ, երկիրը լուրջ տնտեսական խնդիրներ ունի, և սիրիացիները շատ են ցանկանում վերադառնալ տուն...
Տանն էլ շարունակվում են կրակոցները, առևանգումները, հոսանքազրկումը…
Գլենդեյլի Սրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթոլիկ եկեղեցում պատարագ է մատուցվում: Հավաքվածներից շատերը Հալեպի բնակիչներ են. պատարագը մատուցվում է Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու քահանաներից մեկի համար, որն առևանգվել էր 5 ամիս առաջ: «Ով՞ էր առևանգել նրան, հայտնի չէ,-ասում է հայր Անտուան Նորադունղյանը, որը ևս Հալեպից է:-Ամեն մեկը մի բան է ասում»:
Բժիշկ Գևորգ Քրաջյանը, որը Հալեպից Գլենդեյլ է եկել 9 ամիս առաջ, պատմում է, որ երբ պատերազմը չէր հասել իր հայրենի քաղաք, 80-ամյա մի մարդ էր եկել իր կենտրոն՝ բուժզննման: Տղամարդն իր պատշգամբում նստած սուրճ էր խմել, երբ հանկարծ ինչ-որ բան էր ընկել երկնքից, և նա մեջքի հատվածում վնասվածք էր ստացել: Քրաջյանը չէր կարողացել ռենտգեն հետազոտության ենթարկել նրան, քանի որ բուժկենտրոնը հոսանքազրկված էր: Տղամարդն էլ հրաժարվել էր այլ բժշկի այցելել:
Երբ էլեկտրամատակարարումը վերականգնվել էր, տղամարդը բուժզննում էր անցել. պարզվել էր, որ գնդակը վնասել է նրա աջ թոքը: Նա փրկվել էր... Սակայն բոլորը նրա նման բախտավոր չէին... Քրաջյանի ընկերներից մեկը, օրինակ, մահացել էր աշխատանքի գնալու ճանապարհին. արկ է պայթել, բեկորները մտել էին նրա որովայնի, երիկամների մեջ…
ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Քրաջյանին, նրա կնոջն ու երկու որդիներին, որոնցից մեկը աուտիզմ հիվանդություն ունի, հաջողվել էր հնարավորինս շուտ փրկվել բռնություններից: Յոթ տարի Գլենդեյլում ապրելուց հետո Քրաջյաները Հալեպ էին տեղափոխվել 2007թ.՝ հույս ունենալով, որ այնտեղ աուտիզմ ունեցող երեխաների համար դպրոց կբացեն:
Այդ երազանքը, սակայն, ի չիք դարձավ, քանի որ դպրոցի կառուցման համար նախատեսված շենքը հայտնվեց ապստամբների վերահսկողության տակ:
Քրաջյանը այսօր թեև գործազուրկ է, բայց երջանիկ է, քանի որ Գլենդեյլում նոր կյանք սկսելու հնարավորություն ունի: Նա, սակայն, տխրում է Սիրիայում թողած իր հայրենակիցների համար:
«Ինչպես կարող ենք տխուր կամ վհատված չլինել, մենք կորցրինք մեր կայունությունը»,-ասում է նա...»:
Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ-ի մարտից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը և կառավարական ուժերին մեղադրում է խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային բռնություններ գործելու մեջ: Պաշտոնական Դամասկոսն, իր հերթին, պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «լավ զինված» ահաբեկիչներ, որոնց աջակցում են օտարերկրյա իսլամիստականական խմբավորումներ (Թուրքիայից, Արաբական ծոցի երկրներից):










