Սաուդյան Արաբիան և Կատարը պատրաստ են սիրիացի ապստամբներին զենք փոխանցել

14:05 • 24.06.13

Սաուդյան Արաբիան և Կատարը հայտարարել են, որ պատրաստ են ապագայում սիրիացի ապստամբներին հակատանկային զենք և զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։ Այդ մասին տեղեկացնում է Russia Today-ը՝ The Washington Post-ին հղումով։

 

«Սիրիայի բարեկամների խմբի» գործողությունները «կոլեկտիվ պատասխան է» զենք մատակարարելու սիրիացի ապստամբների խնդրանքին։ Նման կոչով էր հանդես եկել, մասնավորապես, Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սելիմ Իդրիսը։
 

Կատարն ու Սաուդիան Արաբիան՝ Սիրիայի մերձավորարևելյան հարևանները, արդեն պատրաստ են զենք ուղարկել։
 

Պարբերականի տվյալներով՝ 11 երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում կոչ է արվել կանխել զենքի հայտնվելն իսլամիստ ծայրահեղականների ձեռքում։

 

Որոշումը միաձայն չի կայացվել։ Գերմանիան դեմ է արտահայտվել ապստամբներին զինելուն։ Բեռլինը պնդել է, որ զենքի մատակարարումը կհանգեցնի Սիրիայում հումանիտար ճգնաժամի և կուժեղացնի սուննիների և շիաների հակամարտությունը։
 

Հիշեցնենք, որ «Սիրիայի բարեկամների» հավաքի արդյունքում նշվել էր, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է որոշի, թե կոնկրետ ինչ օգնություն պետք է մատակարարի։