Համ գողն է տնից, համ եզը. Գալուստ Սահակյանը ՎՊ-ի բացահայտումների մասին
Պետբյուջեի միջոցների չարաշահումների մասին Վերահսկիչ պալատի բացահայտումները Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խառն է համարում։ Ժողովրդական ասացվածքը, թե՝ «Եթե գողը տնից չլինի, եզը երթիկից դուրս չի գա», Գալուստ Սահակյանը տվյալ դեպքում տեղին չհամարեց։ «Հիմա այնքան խառն է ամեն ինչ, որ այդ ասացվածքը տեղին չէ, համ գողն է տնից, համ եզը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
Ըստ նրա՝ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը առանձին հանգույցներում կարող է կոշտ դիտարկումների արդյունք դառնալ։ «Այստեղ, իհարկե, ռիսկային շատ գոտիներ են մատնանշում, կառավարությունն էլ, բնականաբար, պետք է իր տեսակետը հայտնի»,- ասաց նա՝ հավելելով, որ այն գործերը, որոնք քննության արժանի կլինեն իրավական դաշտում, կներկայացվեն իրավապահներին։
«Քննարկումները բավականին լուրջ հետևանքներ կունենան ԱԺ-ում, մենք երբ ասում ենք լուրջ հետևանքներ, հասկանում ենք ինչ-որ մեկին գլխատել և այլն»,- ասաց նա։










