Դատարանը Ուոլլ-Սթրիթի խոշորագույն հանցագործներից մեկի վերաբերյալ դատավճիռը անփոփոխ է թողել
Նյու Յորքում գտնվող դաշնային վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել լանկիական ծագում ունեցող ամերիկյան միլիարդատեր Ռաջե Ռաջարատնամի դատավճիռը: Նա ծառայողական կորպորատիվ տեղեկությունների վաճառքի համար դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դատարանը մերժել է Ռաջարատնամի հակափաստարկները, որոնցում նշվում է, որ ապացույցները, որոնք ձեռք են բերվել անօրինական տարբերակով, պետք է չեղյալ հայտարարվեն:
Ըստ հետաքննության տվյալների, Ռաջարատնամը, ով հանդիսանում էր Galleon հիմնադրամի կառավարիչը, մի քանի տարվա ընթացքում անօրինական տարբերակով ստացել է մոտ 75 միլիոն դոլարի եկամուտ: Հեջ-ֆոնդը խարդախություններ էր կատարում այնպիսի հայտնի կազմակերպությունների արժեթղթերի հետ, ինչպիսիք են Google-ը, Hilton-ը կամ Goldman Sachs-ը:
Ռաջարատնամը ձերբակալվել էր 2009 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ նրա ունեցվածքը գնահատվում էր մոտ 1.3 միլիարդ դոլար: Ռաջարատնամի վերաբերյալ դատական գործը ամենախոշորներից մեկն է դարձել Ուոլլ-Սթրիթի պատմության մեջ:










