Մաքսային միություն մտնելը կնպաստի գազի և ուրանի գնի նվազմանը. Արմեն Մովսիսյանը՝ REGNUM-ին

10:09 • 25.06.13

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալությանը, որում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին և դրա հնարավոր ազդեցությանը գազի գնի նվազման վրա։

 

«Ռուսաստանի հետ գազի գնի բանակցությունների հետ քաղաքական խնդիրներ չեն կապվում։ Առնվազն, ես չեմ բախվել քաղաքական խնդիրների։ Ռուսական կողմից ես տեսել եմ միայն նորմալ գործընկերային հարաբերություններ և ցանկություն մեզ օգնելու՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել է նախարարը։

 

Արմեն Մովսիսյանը նշել է, որ գազի հարցը բավականին բարդ խնդիր է նաև Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան գազ է արտահանում Բելառուս, Ուկրաինա և այլուր ու պետք է պայմանավորվի բոլորի հետ, որպեսզի չստացվի այնպես, որ մեկին գոհացնի, իսկ մյուսը դժգոհ մնա։

 

«Հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը մեզ առաջարկել է մտնել Մաքսային միություն էժան գազ ստանալու դիմաց, ճիշտ չեն։ Ես նման բան չգիտեմ, չեմ լսել, ինձ նման բան չեն առաջարկել»,-ասել է նա։


Նախարարը նշել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և ինքը պետք է որոշի՝ մտնե՞լ Մաքսային միություն, թե՞ ոչ։

«Որքանո՞վ է դա ձեռնտու։ Իմ կարծիքով՝ համաշխարհային գործընթացները զարգանում են այնպես, որ փոքր պետությունները հայտնվել են դժվար կացության մեջ։ Հայաստանը դրանցից մեկն է։ Երևանը պետք է ընտրի հեռանկարային և ճիշտ արտաքին վեկտոր, և այդ հարթության վրա գտնի իր հարցերի պատասխանները։ Որքանո՞վ է ձեռնտու, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն. դա է հարցը»,-ասել է Արմեն Մովսիսյանը։

 

Նա խորհուրդ է տվել պարզապես վերցնել և ուսումնասիրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները, տեսնել՝ որքանով են մեր ապրանքները մրցունակ այլ շուկաներում և այլն։


«Արդյունքում մենք կտեսնենք, որ այդ ձևաչափը տալիս է բավականին մեծ արտոնություններ։ Մյուս կողմից՝ կարելի է գնահատել այդ ձևաչափի բացասական կողմերը և դրանից հետո փորձել պատասխանել հարցին. ի՞նչ անել։ Իմ կարծիքով՝ Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ մենք Ռուսաստանից ներմուծում ենք միջուկային վառելիք և գազ»,-ասել է նա։

 

Հարցին, թե Մաքսային միություն մտնելը նշանակո՞ւմ է արդյոք միջուկային վառելիքի և գազի գների նվազում, նախարարը պատասխանել է.«Իհարկե, դա այդպես է։ Այդ առումով Մաքսային միության ձևաչափը ձեռնտու է մեզ համար։ Դա բավականին բարդ հարց է և անհրաժեշտ է ճիշտ որոշում կայացնել։ Ճիշտ չեն հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին մուտք գործել Մաքսային միություն։ Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան անհամբեր սպասում է, թե երբ ենք մենք մտնելու Մաքսային միություն։ Դա այդպես չէ։ Տաջիկստանն ինքն է խնդրում մտնել Մաքսային միություն, սակայն նրան դեռ թույլ չեն տալիս։ Հայաստանի մասով կա բավականին մեծ խնդիր. ընդհանուր սահմանների բացակայությունը։ Կորում է Մաքսային միության տնտեսական նշանակությունը։ Կան խնդիրներ, տեխնիկական հարցեր, որոնց լուծումը մենք և ռուսական կողմը պետք է հստակ պատկերացնենք։ Միայն ցանկությունը քիչ է»։