Հակերները հարձակվել են Հարավային Կորեայի նախագահի կայքի վրա
Anonymous միջազգային խմբավորմանը պատկանող մի խումբ հակերներ գրոհել են Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հենի և կառավարության կայքերը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհափ» գործակալությանը։
Ըստ գործակալության տվյալների՝ հարձակումները տեղի են ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9։30-ին։ Անմիջապես հարձակումից հետո կայքում հայտնվել է կարմիր տառերով գրված հաղորդագրություն «մեծ առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին»։
Բացի այդ, 10 րոպեի ընթացքում երկրի ղեկավարի լուսանկարի կողքին հաղորդագրություն է գրված եղել՝ «Մենք Anonymous ենք։ Մենք չենք ներում։ Մենք չենք մոռանում։ Սպասեք մեզ»։
Դեռևս պարզ չէ, թե կապ ունի՞ արդյոք Հյուսիսային Կորեան կամ Anonymous խմբավորումը այս հարձակման հետ։
Ավելի վաղ Anonymous-ը հայտնել էր Հյուսիսային Կորեայի կայքերի վրա հարձակում գործելու մտադրության մասին։
Այժմ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն է տեղադրված տեխնիկական ստուգման մասին։ Կառավարության կայքը նույնպես չի աշխատում։










