90 տարեկան. միշտ բեմում. Le Journal De Québec-ը Շառլ Ազնավուրի մասին
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հինգշաբթի իր 90-ամյակը կնշի Բեռլինի բեմերից մեկում՝ հայացքն ուղղելով ոչ թե բեմում իր երկարատև կյանքին, այլ դեպի իր հաջորդ համերգները, գրքերն ու երգերը, գրում է Le Journal De Québec-ը «90 տարեկան. միշտ բեմում» հոդվածում՝ անդրադառնալով շանսոնյեի կյանքին:
Ազնավուրը չի սիրում ծննդյան մոմեր փչել, նրա կարծիքով՝ ծննդյան տոնակատարությունները 18 տարեկանների համար են: «Ինձ չի հետաքրքրում իմ ծննդյան օրը՝ 89 կամ 90 տարեկան, ո՞րն է տարբերությունը: Այդ օրը համերգասրահն ազատ էր, ես էլ ասացի՝ այո՛»,- ասել է նա գերմանական թերթերից մեկին:
Ազնավուրը չի շտապում հանգստի անցնել, այլ, փոխարենը, շարունակում է շրջագայել աշխարհով՝ դահլիճներ լցնելով: Բեռլինից հետո նա կլինի Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Վարշավայում, Բարսելոնայում և Հռոմում, այնուհետ աշնանը՝ Մոսկվայում և Անտվերպենում։
Ազնավուրն ակտիվ է իր նախնիների հողը և հիշողությունը պահպանելու գործում, գրում է Le Journal De Québec-ը: Ապրիլի վերջին նա արձագանքել է «1915 թվականին զոհված հայերի թոռներին» ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցություններին: Հիշեցնենք, որ իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն է հայտնել։
«Հաշվի առնելով այն, որ Ցեղասպանության փաստը երբեք չի ճանաչել՝ Էրդողանի հայտարարության մեջ «ցավակցություններ» բառը պետք է կարդալ ոչ որպես ճանաչում, և առավելևս՝ ոչ որպես ներողության հայցում, այլև որպես «բաց» քաղաքական գործիչ երևալու անձնական պարզ ցանկություն»,- ասել է նա:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև անցած շաբաթ Երևանում Ազնավուրի ունեցած համերգին, որին ներկա են եղել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը։
Շառլ Ազնավուրը Հայաստան կատարած իր այցի ժամանակ հայտնել էր նաև իր վերջին հրաժեշտի համերգի ամսաթիվը: «Ես ֆիքսել եմ ամսաթիվը: Դա կլինի 2024 թվականի մայիսի 22-ը: Ես կլինեմ 100 տարեկան: Դուք կլինեք այդտեղ, հուսով եմ»,- ասել էր նա։










