Քո կարիերան ազգային թիմում ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մի մասը․ Ինֆանտինոն՝ Ռոնալդուի մասին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը՝ սոցիալական ցանցերում գրառում կատարելով՝ նվիրված պորտուգալացի ֆուտբոլիստին։
«Քիչ ֆուտբոլիստների է հաջողվել նվաճել ամբողջ աշխարհի երկրպագուների սրտերն այնպես, ինչպես դա արել է Կրիշտիանու Ռոնալդուն։
Նրա կարիերան բացառիկ տաղանդի, անհավանական համառության և հնարավորությունների սահմաններն ընդլայնելու անսասան ձգտման օրինակ է։
Կրիշտիանուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել աշխարհի վեց առաջնություններում, ինչպես նաև տղամարդկանց ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն։ Նա հասել է բարձունքների, որոնք, հնարավոր է, այլևս ոչ ոքի չհաջողվի նվաճել։ Սակայն նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները, տիտղոսներն ու գոլերը։
Նա ոգեշնչել է ամբողջ սերունդների, միավորել միլիոնավոր երկրպագուների և հպարտությամբ ներկայացրել Պորտուգալիան աշխարհի խոշորագույն ֆուտբոլային ասպարեզներում։
Շնորհակալություն քեզ, Կրիշտիանու, ֆուտբոլի հանդեպ քո նվիրվածության, անմոռանալի պահերի և մեր սիրելի խաղում ունեցած հսկայական ավանդի համար, որը ներդրել ես՝ հպարտությամբ կրելով Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկը։
Քո կարիերան ազգային թիմում ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մի մասը»,- գրել է Ինֆանտինոն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։














