Ֆիդել Կաստրոյի մասին նոր գիրքը բացահայտում է նրա «քողարկված» շքեղ կյանքը

15:28 • 21.05.14

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թիկնապահներից մեկը՝ Խուան Ռեյնալդո Սանչեսը, գիրք է գրել Կաստրոյի մասին՝ մի շարք հետաքրքիր մանրամասներ ներկայացնելով վերջինիս կյանքից։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Կաստրոն շքեղ կյանք է վարել իշխանության տարիներին՝ անձնական զբոսանավ, շքեղ կղզիներում թագավորական հանգիստ...

 

«Ֆիդել Կաստրոյի թաքնված կյանքը» վերնագրված գրքում նշվում է, որ հեղափոխականը մշտապես ճանապարհորդում էր Mercedes մեքենայով՝ առնվազն 10 թիկնապահի, արյան 2 դոնորի ընկերակցությամբ։

 

Սանչեսի խոսքով՝ Կաստրոն Կուբան այնպես էր ղեկավարում, կարծես դա իր սեփական կալվածքն էր՝ նմանվելով միջնադարյան ֆեոդալի։

 

Հեղինակը, ով 17 տարի աշխատել է նախկին ղեկավարի հետ, պատմել է, որ բնակչության մեծ մասն անգամ պատկերացում չուներ Կաստրոյի նման շվայտ ապրելակերպի մասին։

 

«Անկախ այն բոլոր խոսքերից, որ Կաստրոն ասում էր, նա երբեք չի հրաժարվել կապիտալիստական աշխարհի հարմարություններից, երբեք զուսպ կենսակերպ չի վարել։ Մի խոսքով՝ նա ամենաիսկական կապիտալիստն էր՝ առանց որևէ սահմանափակման։ Իր ելույթներում նա շատ զոհողություններ էր պահանջում ժողովրդից, սակայն անձամբ երբեք չէր հետևում իր իսկ հնչեցրած կոչերին։ Բացի այդ, նա մշտապես ստում էր՝ ասելով, թե հեղափոխությունը խլել է իր հանգիստը, զրկել արձակուրդ գնալու հաճույքից»,-նշում է հեղինակը։

 

Սանչեսն անդրադարձել է նաև Կաստրոյի սիրային խճճված կյանքին՝ նշելով, որ ղեկավարը հայտնի կնամոլ է եղել, որոնցից երեխաներ է ունեցել, սակայն այդ մասին կուբայական լրատվամիջոցներին արգելված է եղել գրել։

 

The Guardian-ը նկատում է, որ գիրքն ուշագրավ է նրանով, որ սա առաջին դեպքն է, երբ Կաստրոյի մերձավոր շրջապատից ինչ որ մեկը խոսում է իրական փաստերի մասին։