Դարդեն եղբայրները հավակնում են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղի»

10:34 • 21.05.14

Բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրները, ովքեր այս տարի Կաննի 67-րդ կինոփառատոնում ներկայացրել են «2 օր, 1 գիշեր» (Deux Jours, Une Nuit) սոցիալական ֆիլմը, հավակնում են հաղթանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի»։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, Դարդեն եղբայրները «Ռոզետա» և «Երեխա» ֆիլմերի շնորհիվ 1999 և 2005 թվականներին արդեն արժանացել են կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Իսկ 2011թ. նրանք արժանացել են կինոֆորումի Գրան պրիի՝ «Հեծանվով տղան» ֆիլմի համար։

 

«2 օր, 1 գիշեր» ֆիլմը պատմում է երիտասարդ կնոջ մասին, ով փորձում է ամեն կերպ խուսափել աշխատանքը կորցնելուց, սակայն դրա համար նա պետք է 2 օրվա և 1 գիշերվա ընթացքում գործընկերներին համոզի հրաժարվել իրենց հասնող դրամաշնորհից։

 

«Եթե քաղաքակրթությունը մինչև հիմքը ցնցած համաշխարհային ճգնաժամը չլիներ, ապա այս ֆիլմը չէր նկարահանվի։ Վերջին տասնամյակների ընթացքում երբեք այսքան դժվար չի եղել աշխատատեղ պահպանելը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժան Պյեռ Դարդենը։