Ներկայացումն ի սկզբանե պատկերացնում էի ռոքային էլեմենտներով. «Ես և նա» ռոք օպերայի ռեժիսոր
Նար-Դոսի «Ես և նա» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ռոք օպերայի վրա տարվող աշխատանքները մոտենում են ավարտին: Պրեմիերան կկայանա հունիսի 14, 15-ին` Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ներկայացման ռեժիսոր Արմեն Սարգսյանը:
Ոեժիսորի խոսքով` երբ կարդում էր պատմվածքը, ականջին երաժշտության նոտաներ էին. «Չգիտեմ ինչու, բայց ներկայացումն ի սկզբանե պատկերացնում էի ռոքային էլեմենտներով: Առիթ եղավ ու որոշեցի երկար տարիների ցանկությունս իրագործել: Շատերը լսելիս մտածում են, որ ներկայացումը ռոք համերգ է հիշեցնելու, բայց մեկ ճշտում` սա նույն օպերան է` ռոքային գործիքավորմամբ»:

Հիշեցնենք, որ «One Armenia» կազմակերպությունն անցած տարվա հունիսին հայտարարել էր դրամաշնորհի մրցույթ, որտեղ պիտի ներկայացվեին հայ դասական ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանությամբ: Օնլայն քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց «Ես և նա» նախագիծը:
«Ներկայացումը տևելու է մոտ երեք ժամ` երկու գործողությամբ: Բեմում պարողները, երգողներն ու դերասանները միմյանցից չեն տարբերվելու, քանի որ որպես ռեժիսոր` հետևել եմ, որ յուրաքանչյուրն իրեն հանձնարարված աշխատանքը կատարի այս երեքի միաձուլմամբ: Ներկայացման գաղափարը գրավել է շատերին: Հաճախ մեզ սփյուռքից գրում են. «Երանի՜ ձեր աչքերին, որ տեսնելու եք այդ ներկայացումը»»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Ներկայացման կոմպոզիտորը Արթուր Միտինյանն է, ում հրավիրել են ՌԴ-ից: Արմեն Սարգսյանի հետ ծանոթացել են համացանցի միջոցով: Չնայած երաժշտի զբաղվածությանը` նրան գրավել է հայկական ռոք օպերայի ստեղծման գաղափարը:

Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր հարևաններն արդեն անգիր գիտեն օպերան ու անչափ սիրում են. «Հարևան-հյուրերս շատ են: Մի գիշեր մինչև ժամը երեքը երաժշտություն էի գրում ականջակալներով: Հանկարծ ինչ-որ սրտխփոցներ զգացի: Ականջակալներս հանեցի ու հասկացա, որ չեմ անջատել բարձրախոսի երաժշտությունը, բայց և հարևաններիցս բողոք չլսեցի: Ընկերս պատմում է, որ վերջին համերգիս ժամանակ վիճել է մի կնոջ հետ, թե իրենցից ով է ինձ հետ ավելի մտերիմ։ Երբ հարցրել է կնոջը, թե ով է նա, վերջինս պատասխանել է` ես նրա հարևանն եմ…»:
«Այս օպերան պիտի հարուստ լիներ հայկական էլեմենտներով. սա իմ առաջնային սկզբունքներից էր երաժշտությունը գրելիս: Անգամ «Նա»-ի հատվածը գրելիս, որտեղ պիտի տիրեր իտալական մթնոլորտ, բավականին հայկականացրել եմ: Աշխատելիս երբեք կանգ չեմ առնում մի տարբերակի վրա, օրինակ` Ջուլիետայի և Անտոնիոյի տեսարաններից մեկի համար գրել եմ ութ տարբերակ: Սիրում եմ փոփոխություններ անել»,- հավելեց կոմպոզիտորը:
Ըստ նրա՝ այս փոփոխությունները ստիպում են աշխատակազմի մյուս անդամներին ևս փորձել ամեն բան՝ կատարյալին հասնելու համար:
«Ամեն օր նոր նոտաներ են ձեռքումս: Դերասաններն էլ ամեն օր նորովի են փորձում կատարել իրենց տրված երգերը: Այս մշտական փոփոխությունը անգամ ինձ է ստիպում աշխատել ավելի էնտուզիազմով: Սոս Սարգսյանն ասում էր` «Մեկ ներկայացմամբ հեղափոխություն չես անի, բայց մի բարոյական ապտակ կհասցնես»։ Կարծում եմ՝ կհասցնենք ապտակ ու սա կլինի մեծ հեղափոխության առաջին կայծը»,- մեկնաբանեց ներկայացման վոկալի մասնագետ Ռոմելա Գրիգորյանը:

Իսկ ահա ռեժիսորի խոսքով՝ «օպերան կխաղացվի այնքան, մինչ հանդիսատեսը հոգնի»:











