Իրանցի դերասանուհին ներողություն է խնդրել Կաննում համբույրի համար
Իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին ներողություն է խնդրել Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբի այտը համբուրելու համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ BBC-ին հղումով։
Դերասանուհու հայտարարության մեջ, որը տարածել են Իրանի պետական ԶԼՄ-ները, ասվում է, որ նա միշտ միջոցառումների կազմակերպիչների հետ քննարկում է այն բոլոր սահմանափակումները, որոնք ենթադրում է իսլամը։
Սակայն, Հաթամիի խոսքով, 83-ամյա Ժակոբը, հավանաբար, «մոռացել է այն ամենը, ինչ ես ասել եմ նրան»։ Նա ընդգծել է, որ նույնիսկ «նրա նախազգուշական քայլը՝ հրաժարվել ձեռքսեղմումից, չի աշխատել»։
Լուսանկարը, որում պատկերված է համբույրը, ավելի վաղ հրապարակվել է իրանական լրատվամիջոցներում՝ առաջացնելով բացասական արձագանք։
Մի խումբ իրանցի ուսանողներ նույնիսկ հայց են ներկայացրել դատարան, որպեսզի իրենց հայրենակցուհուն դատապարտեն հրապարակային խարազանման։
Իրանում գործող օրենքների համաձայն՝ կինն իրավունք չունի ֆիզիկական կոնտակտի մեջ մտնել մի տղամարդու հետ, ով իր ընտանիքի անդամը չէ։










