Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրն ավարտվել է մշակութային միջոցառումներով
ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում երեկ տեղի է ունեցել մշակութային միջոցառումների շարք, որով եզրափակվել է ծրագիրը: Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350 ամյակին նվիրված հանդիսության մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ցուցադրվել է Ռուբեն Գևորգյանցի՝ Նոր Ջուղայի հայ համայնքին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը նվիրված «Նոր Ջուղա. լինել» ֆիլմը:
Ելույթ է ունեցել Սպահանի «Կոմիտաս» երգչախումբը դիրիժոր Արմեն Ամիրխանյանի գլխավորությամբ: Հնչել են Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Աշոտ Ղազարյանի ստեղծագործությունները:
Ի լրումն հանդիսության՝ Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացվել էր «Նոր Ջուղայի հայ համայնքն անցյալի և ներկայի խաչմերուկներում» խորագրով ցուցահանդես:
Ներկայացվել էին Նոր Ջուղայի տարազներ, հարսանեկան շորեր, մաշիկներ, գոտիներ, գլխարկ: Առանձին հավաքածուներով ցուցադրված էին սեղանի հյուսկեն ու ասեղնագործ ծածկոցներ, թաշկինակներ, օձիքներ, եկեղեցական ոսկեյուս վեղարներ, գրքեր Նոր Ջուղայի մասին, թերթեր և ամսագրեր, արխիվային այլ նյութեր: Վահանակները ներկայացնում էին հայտնի նորջուղայեցիների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հայրերի կենսագրությունները, լուսանկարները:










