Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու. Սերժ Սարգսյան

13:48 • 26.05.14

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:


Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում և նշել, որ Պողոսյան ընտանիքի հետ միասին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո արդեն տարիներ շարունակ փորձ է արվում վերհանել Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները:


Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս գործընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրության աշխատանքներին, ինչպես նաև հայ երիտասարդների ստեղծագործական ձգտումներին:


«Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից և հասել հասցեատերերին»,– մրցանակակիրներին ուղղված իր խոսքում ասել է Նախագահը:


Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը: Աշխատանքը մարդուն այս աշխարհում հատկացված կարճ ժամանակահատվածը գերազանցելու, ասելիքը գալիք սերունդներին փոխանցելու կարևոր միջոց է: Սակայն ոչ պակաս կարևոր է ժամանակակիցների հետ երկխոսությունը:


«Այս առումով անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի մրցանակակիրները կանգ չառնեն ձեռքբերված հաջողությունների վրա: Սրտանց մաղթում եմ ձեզ, որպեսզի լինե՛ք արդյունավետ և նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրեք ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական և մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին»,– նշել է Սերժ Սարգսյանը:



ՀՀ Նախագահն այնուհետև ասել է, որ առանձնահատուկ խորհուրդ կա նրանում, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից մուտք գործելով՝ մենք ճանաչում ենք իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի վաստակը «Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու» անվանակարգով:


Նրա խոսքով՝ հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը: Հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Բայց երկու անուն Նախագահը, այդուամենայնիվ, ցանկացել է անպայման նշել:


«Առաջինը, ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելն է, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Երբեմն գեղարվեստական մտածողության մարդիկ գիտնականներից շատ առաջ են անցնում:


Երկրորդը, լեհ հրեա Ռաֆայել Լեմկինն է: Իրավաբան-գիտնական լինելով՝ նա ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթն ու դարձավ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիմնադիր հայրը: Պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս՝ նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի և հրեաների ապրած աղետներին:
Դուք, հարգելի՛ պարոն Աուրոն, Ձեր աշխատանքով, կանգնում եք Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ երկու նվիրական մարդկանց հետ նույն շարքում: Դուք՝ Ձեր ողջ գիտական վաստակով, պայքարում եք Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից»,– ասել է նա:


Սերժ Սարգսյանը կրկին շնորհավորել է բոլորին, մաղթել քաջառողջություն և ցանկացել, որպեսզի նրանց հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: «Մաղթում եմ խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և ողջ մարդկության»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: