Amazon-ը դադարեցրել է Ջոան Ռոուլինգի նոր վեպի նախնական պատվերների ընդունումը
Amazon.com-ը դադարեցրել է Hachette հրատարակչության գրքերի նախնական պատվերների ընդունումը՝ ընկերությունների միջև գնային քաղաքականության առնչությամբ տարաձայնությունների պատճառով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Կոնֆլիկտում տուժած գրողների թվում է Հարի Փոթերի մասին պատմության հեղինակ Ջոան Ռոուլինգը: Հասանելի չէ Ռոուլինգի «Մետաքսե որդ» դետեկտիվ վեպի նախնական պատվերը, որը Ռոուլինգը գրել է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվան ներքո:
Hachette-ի բոլոր գրքերը, որոնք պետք է լույս տեսնեն 2014 թվականին, խոշոր ինտերնետային րիթեյլերի կայքում նշված են որպես «ոչ հասանելի», սակայն հնարավոր է ձեռք բերել դրանց էլեկտրոնային և աուդիո տարբերակները:
Կայքից նաև հեռացրել են նոր գրքերը գովազդող էջերը: Amazon-ում ոչ հասանելի գրքերի ցանկում է հայտնվել նաև Ջեյմս Պատերսոնի՝ քննիչ Ալեքս Քրոսի մասին դետեկտիվների շարքի հեղինակի վեպերը:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Amazon կայքը սկսել է հաճախորդներին առաջարկել մրցակից հրատարակչությունների գրքեր, իսկ Hachette-ի ապրանքների առաքման ժամկետներն ավելացել են մինչև մի քանի շաբաթ:










