Հանձնաժողովի կազմում պետք է գրագետ գրականագետներ լինեն. Արքմենիկ Նիկողոսյանը՝ ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության մասին
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը գտնում է, որ ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը ներկայացրած գրքերի շարքում կային Նախագահի մրցանակին արժանի գործեր:
Ի պատասխան հարցի՝ նկատի ունի 2-րդ փուլ անցած գրքե՞րը, թե՞ ներկայացված բոլոր գրքերը, գրականագետն ասաց, որ թե՛ առաջինները, թե ՛ երկրորդ փուլ անցածները:
Հիշեցնենք, որ գրականության բնագավառից ներկայացված գրքերից և ոչ մեկն այս անգամ ՀՀ Նախագահի մրցանակին չարժանացավ, քանի որ որևէ մեկը ձայների մեծամասնությունը չի ստացել, այսինքն՝ հանձնաժողովի 7 անդամներից առնվազն՝ 4-ի ձայնը:
Իսկ հանձնաժողովի ընտրությամբ 3 գիրք է անցել 2-րդ փուլ՝ Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն, Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը և Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն:
«Ու նաև նկատի ունեմ Հրաչյա Սարիբեկյանի գիրքը, որ արժանի է մրցանակի, այդ 3-ի մեջ կան գրքեր, որոնք արժանի են: «Ես չգիտեմ՝ հանձնաժողովն ինչ դրդապատճառներով է այդպես վարվել կամ ինչ չափանիշներով է առաջնորդվել, բայց կարծում եմ, որ կային արժանի գրքեր»,-ասաց գրականագետը:
Նա նշեց, որ կարևոր է, որ հանձնաժողովի կազմում լինեն գրագետ գրականագետներ: «Ցավոք՝ այդ մրցանակաբաշխություններում հիմնականում գերակշռում է ծանոթ-բարեկամ սկզբունքը»,- ասաց գրականագետը:










