Դաղստանի լեռներում հնագույն քրիստոնեական բնակավայր է հայտնաբերվել
Դաղստանում գիտնականները նոր բացահայտում են արել՝ հայտնաբերվել են հնագույն բնակավայրի մնացորդներ։ Հնագետները հայտնաբերված ավերակները վերագրում են 9-10-րդ դարերին, գրում է Комсомольская правда-ն։
Հնագույն բնակավայրը հայտնաբերվել է Բոտլիխինի շրջանի լեռներում՝ Անդյան Կոյսու գետի ձախ ափին։ Այդ վայրը կոչվում է «Օրտակոլո», ինչը ավարերենից թարգմանաբար նշանակում է «Գետի ափին կանգնած քաղաք»։ Հնաբանական օբյեկտը զբաղեցնում է մոտ 20 հա։
Տեղեկությունն այն մասին, որ այդ վայրում երբևիցե եղել է մեծ, բազմամարդ քաղաք, գիտնականները վաղուց ունեին։ Այն փնտրում էին վերջին կես դարի ընթացքում, սակայն հաջողվել է հայտնաբերել միայն անցած տարի։ Եվ ահա գիտնականները գտել են աշտարակները, պատերն ու տները։ Հետազոտողների կարծիքով՝ լեռնային շրջանում 1000 տարի ապրել է մոտ 500 բնակիչ։
Ենթադրելով գտածոներից՝ բնակիչները զբաղվել են հողագործությամբ, անասնաբուծությամբ, առևտուր են արել Պարսկաստանի, Չինաստանի և Վրաստանի հետ։ Այդ պատճառով էլ նրանք բավականին հարուստ են եղել. նրանց տներում պահպանվել են ամբողջական կուժեր և էմալապատ սպասքի մնացորդներ, որը հնում կարող էին գնել միայն շատ հարուստ մարդիկ։ Հայտնաբերվել են նաև թանկարժեք տնային պարագաներ և հագուստ։
Պատմաբանները դեռևս չգիտեն, թե ինչպես է հայտնվել այս քաղաքը, ովքեր են եղել նրա խորհրդավոր բնակիչները, որտեղից են հայտնվել և ինչ լեզվով են խոսել։ Չգիտեն նաև, թե որն է դարձել հնագույն քաղաքի կործանման պատճառը։
Գիտնականներին հաջողվել է պարզել միայն, որ Օրտակոլոյի հարուստ բնակիչները եղել են քրիստոնյաներ, իսկ հասարակ մարդիկ հետևել են հեթանոսական ծեսերին։










