Երբ դուք պանդա եք տեսնում, իմացե՛ք, նրա ներսում, հավանաբար, փոքրիկ մորուքավոր հայ է ապրում. Միշա Գալուստյան (տեսանյութ)

11:59 • 27.05.14

Ռուսական էկրաններին է հայտնվել «Подарок с характером» ընտանեկան ֆիլմը, որն արկածային պատմություն է միլիարդատիրոջ որդու և Միշա Գալուստյանի դերակատարմամբ անիմատորի մասին։ filmpro.ru կայքի հետ զրույցում գլխավոր դերակատար Գալուստյանը պատմել է, թե ինչերի միջով է անցել նկարահանումների ընթացքում և ինչու է նախընտրում պանդաներին։

 

Լրագրողի այն նկատառմանը, որ այս ֆիլմը չէր կարող ոգեշնչված չլինել Պիեռ Ռիշարի մասնակցությամբ հայտնի «Խաղալիքը» ֆիլմից, թեև սյուժեն բոլորովին այլ է, Գալուստյանը նշել է, որ ֆրանսիական կատակերգության հետ ընդհանուրը միայն այն է, որ իր հերոսը, որպես խաղալիք, հայտնվում է հարուստ մարդու որդու ծննդյան տոնին։ Մյուս հարցերում դա երկու բոլորովին տարբեր ֆիլմեր են։

 

Նման ֆիլմի ստեղծման պատճառ է հանդիսացել այն, որ գրեթե ոչ ժամանակ, ոչ գումար չի հատկացվում մանկական, ընտանեկան, բարի, լուսավոր կինոյի ստեղծմանը։ «Այդ պատճառով էլ մենք՝ իմ գործընկեր Արմեն Անանիկյանի հետ ստեղծեցինք Fresh Film ընկերությունը»,- նշել է Գալուստյանը։

 

Լրագրողը հիշեցրել է, որ Գալուստյանը հնչյունավորել է Քունգ Ֆու Պանդային, և ահա նոր ֆիլմում կրկին պանդա է։ «Հավանաբար, կա նմանություն։ Ինձ հարցնում են՝ Միշ, քո մեջ պանդա՞ է ապրում։ Ես պատասխանում եմ, որ ավելի շուտ ես եմ ապրում յուրաքանչյուր պանդայի մեջ։ Երբ դուք պանդա եք տեսնում, իմացե՛ք, նրա ներսում, հավանաբար, ապրում է փոքրիկ մորուքավոր հայ։ Պանդան մի փոքր ալարկոտ, բարի կենդանի է։ Ֆիլմում մեր հերոսը հենց այդպիսին է։ Նա հասուն տղամարդ է, սակայն չի կատարել ոչ մի խելացի հասուն քայլ։ Իսկ երկրորդ հերոսը, ընդհակառակը, իր տարիքին անհամապատասխան մեծ է։ Նա կշռադատված պատասխաններ է տալիս, սակայն ամբողջությամբ զրկված է մանկությունից։ Ես նրանից եմ վերցնում, ինքը՝ ինձանից, և վերջում մենք ընկերանում ենք»,- պատմել է Գալուստյանը։

 

Խոսելով նկարահանումների ընթացքի մասին՝ գլխավոր դերակատարը հիշել է, որ դժվար է եղել այդ հագուստը կրելը։ Մորթին թափվում է, լցվում աչքերն ու բերանը։ «Ես անընդհատ բռնում եմ այդ գլուխը։ Ես այդ հագուստով և՛ այրվում եմ, և՛ խեղդվում, և՛ վազում և ընդհանրապես շատ բաների միջով անցնում»,- ասել է Գալուստյանը։