Queen-ը կթողարկի Ֆրեդի Մերկուրիի՝ նախկինում անհայտ երգերը

14:27 • 27.05.14

Queen ռոք խումբը տարեվերջին կթողարկի նախկինում չթողարկված ձայնագրություններ, որոնց թվում են Ֆրեդի Մերկուրիի անհայտ երգերը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով THR-ին, որն էլ վկայակոչում է խմբի կիթառահար Բրայան Մեյի հարցազրույցը:

 

«Մենք գտել ենք մի քանի թրեք, որոնցում Ֆրեդին երգում է, մենք նվագում, դրանք շատ լավն են»,- ասել է Մեյը Queen Forever-ի թողարկման մասին: «Դա, իհարկե, հավաքածու է, բայց այդտեղ կան երգեր, որոնք ոչ ոք երբեք չի լսել»:

 

Նոր երգերի մեծ մասը ձայնագրվել է 1980-ականներին, երբ խումբը շատ ակտիվ էր աշխատում: «Դրանք հզոր, հզոր բալադներ են և հզոր, հզոր էպիկական ձայն»- ասել է Մեյը:

 

Անցած տարի Բրայան Մեյը հայտարարել էր, որ կթողարկվի Ֆրեդի Մերկուրիի և Մայքլ Ջեքսոնի համատեղ երգը, սակայն հայտնի չէ, թե այն կմտնի Queen Forever հավաքածուի մեջ, թե ոչ։