Ազգային կինոկենտրոնը 6 ֆիլմ է նկարահանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

14:39 • 28.05.14

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իր ծրագրերում ներառել է Հայոց ցեղասպանությանը նվիրված 6, այդ թվում՝ անիմացիոն ֆիլմերի նկարահանում:

Այս մասին Tert.am-ին հայտնեց կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը՝ ավելացնելով. «Ե՛վ անիմացիոն, և՛ դոկումենտալ, և՛ գեղարվեստական, մի քանիսն արդեն արտադրության մեջ են, հիմա կա «Մշո ճառընտիրը»՝ Սերժ Ավետիքյանը պիտի նկարի, չեխերի հետ համատեղ ունենք ֆիլմ՝ Ցեղասպանության մասին»,-ներկայացրեց Գևորգ Գևորգյանը:

Նշենք, որ այսօր «ժողովուրդ»-ն իր խմբագրականում գրել էր, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն իր գործունեության 3 տարիների ընթացքում, այդպես էլ միջոցներ չտրամադրեց Հոլիվուդում ցեղասպանության թեմայով համաշխարհային որակի ֆիլմ նկարահանման համար:

Ի պատասխան, Գևորգ Գևորգյանը նկատեց, որ սա գաղափար էր, որ տարիներ առաջ քննարկվել էր, ապա նկատեց. «Հոլիվուդը միլիարդներ են…Ես չգիտեմ հետո, որովհետև մենք էդ ծրագիրը չենք ունեցել, դա խոսվում էր տենց բան, որ լինի, շատ լավ կլինի, բայց կոնկրետ որևէ ծրագիր չի եղել»: