Անտոնիո Գաուդիի 5 ամենահայտնի գլուխգործոցը (լուսանկարներ)

08:35 • 29.05.14

Վատիկանը վերջերս հայտնել էր, որ մտադիր է ճարտարապետ Անտոնիո Գաուդիին դասել սրբերի շարքը, ինչը մեծ ոգևորությամբ են ընդունել իսպանացիները և որոշել են ստորագրություններ հավաքել՝ աջակցելու Գաուդիին սրբերի շարքը դասելու մտադրությանը՝ նրան դարձնելով ճարտարապետների հովանավոր:

 

Այս առիթով Euromag-ը որոշել է ևս մեկ անգամ ներկայացնել հայտնի բարսելոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ամենահայտնի գործերը: Գաուդին, ինչպես հանճարներից շատերը, անսովոր ճակատագիր է ունեցել: Նա իր մանկությունն անցկացրել է ծովի ափին, այդ իսկ պատճառով նրա առաջին ճարտարապետական նախագծերում գերիշխում է այդ թեման: Արդյունքում՝ նրա ստեղծած բոլոր տները ավազից կառուցված պալատներ են հիշեցնում:


Գաուդիի հայրը պղնձագործ է եղել, ինչը ևս իր ազդեցությունն է ունեցել իսպանացու ապագա մասնագիտության ձևավորման հարցում: Նրա ստեղծագործություններից շատերը պատրաստված են իր իսկ ձեռքով կռած երկաթից:

 

Casa Vicens


«Կասա Վիսենս» տունը երիտասարդ ճարտարապետն ստեղծել է 1883-1885 թվականներին, որը դարձել է նրա առաջին խոշոր աշխատանքը: Այս նախագիծը երիտասարդ Գաուդիին վստահել են դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից հետո: Տունը, որը կառուցվել է մոդեռն ոճով, գտնվում է Բարսելոնայում: Այն պատրաստվել է անմշակ քարից և գունավոր կերամիկական սալիկներից: 2005-ին Վինսենսը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

 


Casa Mila կամ La Pedrera


22-րդ դարի սկզբին կառուցված բնակելի տունը իսպանացի ճարտարապետի վերջին հանրային աշխատանքն է: Նախագծման ժամանակ նա հստակ որոշել է շենքի բնական օդափոխման համակարգն այնպես, որ տանտերերը կարող էին հանգիստ հրաժարվել օդորակիչներից: Այս նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակչության շրջանում, ովքեր այն անվանել են La Pedrera, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «քարհանք»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «Կասա Միլան» ընդգրկվել է 1984-ին:


Casa Batllo


Բարսելոնայի «Կասա Բատլյոն» ևս հայտնի է որպես Գաուդիի նորարարություններից մեկը: Այն կառուցելիս ճարտարապետը հրաժարվել է նախնական նախագծից՝ այն համալրելով նոր ճակատային մասերով, ստորին հարկով, նկուղով և աստիճանավոր պատշգամբով: Ինչպես իր մյուս գործերում՝ Գաուդին այստեղ ևս հրաժարվել է ուղիղ գծերից:

 

Գուել այգին


Բարսելոնայի ժամանակակից խորհրդանիշներից մեկը Գաուդիի ՝ կատալոնացի ձեռներեց Էուսեբի Գուելի պատվերով կառուցած այգին է, ով ցանկացել էր այն ժամանակ տարածում գտած քաղաք-այգու կոնցեպտ ստեղծել իր հայրենիքում, որը սակայն նման չի լինի այլ այգիների: Այգու տարածքը զբաղեցնում է 15 հեկտար տարածք, իսկ շինարարությունը տևել է 13 տարի: Այդ ընթացքում այգու տարածքում բազում հեքիաթային տներ, շատրվաններ և կրպակներ են հայտնվել, որոնցից մեկը կառուցված է սողացող օձի տեսքով: 1984-ին Գուելի այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:

Главные шедевры Антони Гауди

 

Sagrada Família


«Սուրբ ընտանիքի» տաճարը («Սագրադա Ֆամիլիա») Գաուդիի ամենահայտնի ու ծավալային աշխատանքներից մեկն է: 1882-ին սկսվել է տաճարի կառուցումը՝ ըստ ճարտարապետ Ֆրանչեսկո դել Վիլյարի նախագծի, նոր գոթական ոճով, որն անավարտ է մնացել: Մեկ տարի անց նախագիծը հանձնել են Գաուդիին, ով տանել չէր կարողանում գոթիկան՝ այն համարելով «մեռած համակարգ»:
Մի քանի տարի նա նվիրել է միայն ակուստիկայի ուսումնասիրմանը, որից հետո ստեղծել է զանգերի կատարյալ համակարգը, որոնք պետք է շարժվեին քամու ուժով: Տաճարի շինարարության ողջ ընթացքում Գաուդին ապրել է շինհրապարակում՝ իրեն ամբողջովին նվիրելով այս գործին: Տաճարի յուրաքանչյուր տարր իր խորհուրդն ունի: Օրինակ՝ տաճարի վերևում նա կանգնեցրել է 18 աշտարակ, որոնցից 12-ը խորհրդանշում են աշակերտներին, 4 ավելի բարձրը՝ ավետարանիչներին, իսկ ամենաբարձրը՝ Հիսուս Քրիստոսին:
Տաճարի տարածքում մինչ օրս էլ պահպանվել են շինարարական անտառի հետքերը, իսկ ներսում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են Գաուդիի գծագրերն ու մակետները: