«Մանկական եվրատեսիլ- 2014» մրցույթն այս տարի կանցկացվի Մալթայում. հայտերն ընդունվում են. Հ1

12:05 • 29.05.14

«Մանկական եվրատեսիլ-2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։


Երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը` հետևելով մասնակցության հետևյալ կանոններին.


• Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի,


• Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տևողությամբ,


• Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով,


• Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2014-ի
մայիսի 1-ը:


• Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին,


• Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը,


• Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են,


• Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների):


Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3, WAV), երգի խոսքերը, կատարողների անձնագրերի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ:


Փաթեթն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ուղարկել` junior@armtv.com հասցեին կամ ներկայացնել հետևյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երևան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010.65.58.96 կամ 094.49.42.82:


Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:


Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արևամուտը: