Հայաստանը հակասեմիտական երկիր չէ. Ռիմա Վարժապետյանը պատրաստվում է պատասխանել «Հակադիֆամացիոն լիգային»
Հայաստանում բնակվող հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը պատրաստվում է բաց նամակ հղել «Հակադիֆամացիոն լիգային», որի զեկույցի համաձայն՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ամենահակասեմիտական երկիրն է: Այս մասին Ռիմա Վարժապետյանն ասաց Tert.am-ի հետ զրույցում։
Նշենք, որ «Հակադիֆամացիոն լիգա» իրավապաշտպան կազմակերպությունն իր ղեկավար Աբրահամ Ֆոկսմանի գլխավորությամբ հարցում է անցկացրել, որի հիման վրա պատրաստվել է «Անտիսեմիտիզմի ինդեքս» զեկույցը, ըստ որի՝ ԱՊՀ երկրներում անտիսեմիտիզմի մակարդակով առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանը, և ըստ այդմ, հայերի 58 տոկոսն ատում է հրեաներին: Իսկ օրինակ՝ Ուկրաինայում այդ ցուցանիշը կազմում է 38 տոկոս:
Ինչպես նշել էր «Պանարմենիան նեթ»-ը՝ Ուկրաինայում «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հրապարակավ և բացեիբաց հայտարարություններ է արել հրեաներին ոչնչացնելու մասին: Հաջորդ տեղում է Ադրբեջանը, 37 տոկոսանոց ցուցանիշով, Էստոնիան՝ 36, Վրաստանը, Ղազախստանը:
«Այստեղ բնակվող հրեական համայնքին՝ որպես ազգային փոքրամասնություն, նեղելու որևէ բան երբևէ չի եղել: Այստեղ կա Սինագոգ, որևէ խնդիր չկա… Եվ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցը միակն է, որ մեզ անհանգստացնում է, քանի որ դրա պատճառով առաջանում են դեբատներ, վեճեր հենց Հայաստանում: Չնայած բոլորը ըմբռնումով են մոտենում, որ Իսրայելը անվտանգության նկատառումներով չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Իսկ մարդկանց շրջանում, այսինքն՝ ժողովրդական դիվանագիտության մակարդակում բոլորը ընդունում են, և ցանկանում, որ այդ խնդիրը լուծվի»,- նշեց Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչը:
Ի պատասխան հարցի, թե Ռիմա Վարժապետյանը կասկածում է, որ Հայաստանում անցկացված հարցման արդյունքները կեղծվել են, նա նշեց. «Մենք ուղղակի վրդովված ենք այդ հարցման արդյունքներով, մենք ի՞նչ գիտենք՝ ու՞մ են հարցրել, ինչպե՞ս են նրանց պատասխանել, կարող է մեկին փողոցում կանգնեցրել են, հարցրել՝ Դուք սիրում եք հրեաներին, կամ գուցե պատասխանել են՝ «ինչու հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը: Գուցե հնարավոր է՝ այդ ամենի հենքի վրա …. չեմ կարող ասել՝ ինչ ենթադրություններ են նրանք արել: Բայց փաստը մնում է փաստ, որ կա նման լիգա, որը նման ինդեքս է հրապարակել»:
Տիկին Վարժապետյանը հավելեց, որ միանգամայն անկեղծ է մշտապես հայտարարում, որ Հայաստանում չկա հակասեմիտիզմի դրսևորում:
Ռիմա Վարժապետյանի խոսքով՝ այս պահին Հայաստանում հրեական համայնքը հաշվվում է 700-800 մարդ, սակայն իրականում հրեաները Հայաստանում շատ ավելի շատ են, քանի որ նրանց մեծ մասը հաշվառված չէ որպես հրեա, և նրանք բավականին շատ են:
«Սրանք հիմնականում խառը ամուսնությունների ներկայացուցիչներ են, և նրանք, որպես կանոն, պարտադիր չեն համարում իրենց ազգային ինքնության հաշվառումն այստեղ»,-ասաց Ռիմա Վարժապետյանը՝ հավելելով, որ պատճառն այն չէ, որ նրանք թաքցնում են իրենց հրեա լինելը: Ուղղակի, ըստ նրա, նման անհրաժեշտություն չկա:
«Բայց մեզ մոտ երբ նման միջոցառումներ են լինում, նրանք բոլորը գալիս են և մեծ հաճույքով մասնակցում են դրանց: Այնպես որ կարելի է խոսել Հայաստանում հրեական մի քանի հազարանոց համայնքի մասին»,- նշեց տիկին Վարժապետյանը:
Խորհրդային տարիներին, իհարկե, համայնքի անդամները ավելի շատ են եղել, և հայրենադարձվել են Իսրայել: Չնայած միշտ՝ բոլոր դարերում, հրեաներ ապրել են Հայաստանում, բայց ըստ Ռիմա Վարժապետյանի, հրեական համայնքը պաշտոնապես գործում է 1991 թվականից։
Զրուցակիցը հիշեցրեց, որ «Միմինո» ֆիլմի ամենահուզիչ դրվագը, երբ «Վալիկո ջանը» սխալմամբ Թելավիվ զանգահարելու փոխարեն զանգահարում է Թելավիվ ու այնտեղից հուզված հրեան խնդրում է պատմել իրեն, թե ինչ կա չկա Քութաիսիիում: Ռիմա Վարժապետյանը նշեց, որ Իսրայելում բնակվող նախկին հայաստանցի հրեաները Հայաստանը սիրում և կարոտում են այդ ֆիլմում բերված օրինակից ոչ պակաս:
«Նրանք ամեն տարի գալիս են, հնարավորության դեպքում բերում են իրենց երեխաներին»,-նկատեց հրեա համայնքի ներկայացուցիչը:
Ի պատասխան հարցի, թե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը երբ է, ի վերջո, հնարավոր, Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը նկատեց. «Համենայնդեպս, մենք դրա համար ամեն ինչ անում ենք, մենք հանդիպումներ ենք ունենում, նամակներ գրում»:










