Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում համառ պայքարում կամային հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ (2-1)։
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռոշան։ Տանտերերը պարտությունից փրկվեցին հիմնական ժամանակի ավարտին. 90+2-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ընդամենը մեկ րոպե անց՝ 90+3-րդ րոպեին, կապանյան թիմի ֆուտբոլիստ Ադրիանուն գնդակն ուղարկեց չարենցավանցիների դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 109-րդ րոպեին Բուկարի Կոնեն խփեց հաղթական գնդակը՝ քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Վանին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած խաղում «Միկան» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր Արարատի «Ավշարին»՝ նույնպես նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Այդ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին գոլազուրկ ոչ-ոքիով։














