«Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքում չկա պարտադրանք. այն չի տալիս այլընտրանքային մոտեցում. կարծիքներ

15:10 • 13.06.14

Դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցում պատմությունը» աշխարհիկ առարկա է, որտեղ չկան դոգմաներ ու պարտադրանքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը և ընդգծեց, որ առարկայի նպատակն է՝ լրացնել հայագիտական առարկաների բացերը:

«Դասագրքում տեղ են գտել կրոնական բովանդակությամբ որոշ թեմաներ, սակայն սրանք չեն վերաբերում միայն Հայ առաքելական եկեղեցու դավանանքին: Բազմաթիվ թեմաներ կան, որոնք վերաբերում են հին կրոններին՝ հին հունական, հռոմեական դիցարաններին, զրադաշտական կրոնին, անդրադարձել ենք բուդդայականությանը, իսլամին, նաև՝ քրիստոնեության ճյուղերին: Կրոնական բովանդակության թեմաները շարադրված են գիտամանկավարժական տեսանկյունից»,-ասաց նա:

Կարծիքի հետ չհամաձայնեց «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ, հոգեբան-մանկավարժ Արմինե Դավթյանը: Նա անդրադարձավ այն հարցին՝ արդյո՞ք դասագիրքը չի ոտնահարում կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

«Աշխարհիկ բովանդակություն ասելով հասկանում ենք կրոնական գիտելիքներ՝ առանց որևէ ուղղվածության, որպեսզի մարդը ճանաչի ու ընտրությունը անի որոշակի պրոցեսից հետո: Դոգմատիկ կհամարվի այն գիրքը, որը չի տալիս այլընտրանքային մոտեցում, և իր մոտեցումը պարտադրում է որպես բացառիկ ճշմարտություն: Այս տեսանկյունից դասագրքում կան որոշակի նյութեր դոգմատիկ մատուցման համատեքստում, օրինակ՝ կրոնական աստվածաբանական տեսանկյունից քննադատված են փիլիսոփայական մի շարք ուղղություններ, օրինակ, էպիկյուրիզմը, կոսմոպոլիտիզմը: Դրանք ներկայացված են առաքելական եկեղեցու դոգմատիկ քննադատության կոնտեքստում` չտալով այդ տեսությունների մասին լիարժեք պատկերացում»,-ասաց նա:

Արմինե Դավթյանը նաև նշեց, որ իրենք ստացել ենք բազմաթիվ դժգոհություններ այլ կրոնական կազմակերպությունների ծնողներից, աշակերտներից: «Ես չեմ պատկերացնում, թե բողոքները ինչքան պետք է լինեն, որ վերանայվի բովանդակությունը»,-ասաց նա:

Հասմիկ Մարգարյանն իր հերթին ընդգծեց, որ իրենք երբևէ բողոքներ չեն ստացել, ավելին՝ ծնողներն ու աշակերտները միշտ շնորհակալություն են հայտնել:

«Ինչ վերաբերում է դոգմատիկ մոտեցումներին, նշեմ, որ մենք ունենք «աշխարհի ստեղծումը» թեման, որտեղ մենք նշում ենք, որ կան մի շարք բացատրություններ, և դրանցից մեկը տալիս է Աստվածաշունչը: Մենք դաստիարակում ենք արժեհամակարգ... ինչպես է, որ Իսրայելում անցնում են «Ինքնանույնականացում» առարկա, որի նպատակն է նույնականացնել կրոնական և ազգային պատկանելությունը»,-ասաց նա:

 

«Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքում չկա պարտադրանք. այն չի տալիս այլընտրանքային մոտեցում. կարծիքներ