Սելին Դիոնը տեսահաղորդագրություն է հղել Լաս Վեգասի օդանավակայանում տեսահոլովակ նկարահանած տղամարդուն (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնին շատ է դուր եկել իր «All By Myself» երգի ներքո Լաս Վեգասի օդանավակայանում նկարահանված տեսահոլովակը, որի հեղինակը Ռիչարդ Դան անունով դիզայներն է։ Վերջինս ստիպված է եղել մի ամբողջ գիշեր անցկացնել բոլորովին դատարկ օդանավակայանում, ինչն էլ դրդել է նրան նկարահանել այդ տեսահոլովակը, գրում է nydailynews.com-ը։
Տեսահոլովակը շատ արագ տարածվել է համացանցում՝ 1 օրում ունենալով մոտ 1 մլն դիտում։ Հոլովակը գրավել է նաև Սելին Դիոնի ուշադրությունը։
Երգչուհին տեսահաղորդագրություն է հղել Ռիչարդին և նշել, որ այն շատ զվարճալի է։ «Հաջորդ անգամ, երբ Դուք Լաս Վեգասի օդանավակայանում միայնակ մնաք ժամեր շարունակ, խնդրում եմ, այցելեք իմ շոուին»,- ասել է Դիոնը։
Նշենք, որ երգչուհին հաճախ է ելույթներով հանդես գալիս Լաս Վեգասում։










