Միշկա Յապոնչիկի մասին սերիալը կվերածվի մյուզիքլի
«Միշկա Յապոնչիկի կյանքը և արկածները» հեռուստասերիալը, որը հաջողությամբ թողարկվել էր 2011-ին, կդառնա մյուզիքլ՝ «Մի անգամ Օդեսայում»։ Ներկայացման հիմքում Իսահակ Բաբելի «Օդեսայի մասին պատմություններ» պատմվածքների հավաքածուն է, գրում է ДНИ.ru-ն։
Նադեժդա Բաբկինայի «Ռուսական երգի» թատրոնի բեմում 2014թ. սեպտեմբերի 26-ին կկայանա «Մի անգամ Օդեսայում» մյուզիքլի պրեմիերան։ Երաժշտական բեմադրությունը պետք է իրապես դառնա նորարարական նախագիծ։
Լիբրետոյի հեղինակը լեգենդար գրող և կատարող Յուլի Կիմն է։
«Հանդիսատեսի չմարող հետաքրքրությունը սերիալի հանդեպ, հատկապես համացանցում, ստիպեց մեզ հավատալ, որ այդ նախագծի կյանքի ինչ-որ նոր փուլը հնարավոր է, իսկ հանդիպումը Յուլի Կիմի հետ, ում հետ մենք կիսվեցինք գաղափարով, համոզեց մեզ, որ ճիշտ ուղու վրա ենք։ Մենք հավատում ենք, որ թատերական մյուզիքլը խիստ կտարբերվի այն ամենից, ինչ կա այդ ժանրի շուկայում այսօր»,- ասել է Star Media ընկերության գլխավոր պրոդյուսեր Վլադ Ռյաշինը։
«Մի անգամ Օդեսայում»-ը հուզիչ դրամա է, որը պատմում է «օդեսացի Ռոբին Հուդ» Մոիսեյ Վիննիցկու՝ Միշկա Յապոնչիկի կյանքի ու սիրո մասին։










