Թուրքիայում մեծ գործ ունեմ անելու և ուզում եմ այնտեղ մեր եռագույն դրոշը ծածանել. դասական մեներգիչ

12:02 • 12.07.14

Հունիսի 22-ին հայ հայտնի դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանն Իտալիայի «Մարուչինո» օպերային թատրոնի տասներորդ միջազգային մրցույթ փառատոնին արժանացել է ոսկե մեդալի:


«Ժյուրին հետաքրքրված էր ոչ միայն ինձնով, այլ նաև ընդհանրապես հայերով»,-այսօր մամուլի ասուլիսին ասաց դասական մեներգիչ, միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, բազմաթիվ «Գրան պրիների» և առաջին տեղերի մրցանակակիր Կարեն Զոհրաբյանը:


«Միջազգային փառատոնների Կովկասյան ասոցիացիայի» տնօրեն Արման Ղուկասյանը նշեց, որ հունիսի 16-20–ը Հայաստանում տեղի ունեցավ մրցույթ փառատոն՝ «Կովկասյան առաջնություն խորագրով», որին մասնակցում էին տասնութ ազգերի ներկայացուցիչներ և Հայաստանի ազգային փոքրամասնությունները: «Նոյեմբերի 10-15–ը Երևանում կկայանա «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի առաջնությունը», որին կմասնակցեն 20–ից ավելի երկրների ներկայացուցիչներ»,-ասաց Արման Ղուկասյանը:


Ինչ վերաբերում է հարցին, թե երգիչը արտերկրից աշխատանքային հրավերներ ստացե՞լ է, Կարեն Զոհրաբյանը պատասխանեց, որ հրավերներ ունի տարբեր երկրներից: «Իսպանիայում Ֆլամինգո խումբը, որը նաև օպերային կատարումներով է հանդես գալիս, համագործակցության առաջարկ է արել, սակայն ես չեմ կարողանում ուրիշ երկրում մնալ, իմ արևաշող Հայաստանը իմ համար ամենալավ երկիրն է»,-ասաց նա:


Անդրադառնալով Մշակույթի նախարարության կողմից աջակցություն ստանալու հարցին, երգիչն ասաց, որ նախարարի կողմից 2012 թվականին շնորհակալագրի է արժանացել, սակայն երբ դիմել է աջակցություն ստանալու խնդրանքով, հարցը չի լուծվել և այլևս չի էլ դիմում:


«Թուրքիայում մեծ գործ ունեմ անելու և ուզում եմ այնտեղ մեր եռագույն դրոշը ծածանել: Ես չգիտեմ՝ իմ մեջ ինչն է խոսում, սակայն երբ տեսնում եմ հակառակորդներին, ավելի եմ ոգևորվում և հաղթանակն իմ կողմն է լինում»,–հայտարարեց նա:


Արման Ղուկասյանն ասաց, որ Կարեն Զոհրաբյանը Թուրքիայի Մարմարիս և Սիդեն քաղաքներից մենահամերգի հրավեր է ստացել: «Պարտադիր պետք է այնտեղ երգեմ Անին, Կիլիկիան»,-ասաց երգիչը և հավելեց, որ մինչ այս Թուրքիայից երկու հրավեր մերժել է, քանի որ Ցեղասպանության տարելիցի ժամանակահատվածն էր ընկնում և Իտալիայի համերգին էր պատրաստվում: Նա ասաց, որ շատ կցանկանար, որ Թուրքիայում համերգին ներկայանար նաև «Բերդ» պարի խումբը:


 


 

Թուրքիայում մեծ գործ ունեմ անելու և ուզում եմ այնտեղ մեր եռագույն դրոշը ծածանել. դասական մեներգիչ