Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

20:06 • 05.11.26

Բրյուսելում կայացած Euronews-ի գագաթնաժողովում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Նշվում է, որ գագաթնաժողովը ցույց է տվել, որ Եվրոպական միությունը վերջին տասնամյակի ընթացքում ավելի, քան երբևէ մոտ է ընդլայնման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելուն, սակայն միաժամանակ մատնանշվել է այնպիսի քաղաքական խոչընդոտների առկայությունը, որոնք դեռ կարող են տապալել այդ գործընթացը։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունից էստոնացի պատգամավոր Ռիհո Տերասը և «Ձախեր» խմբակցությունից իտալացի պատգամավոր Պասկուալե Տրիդիկոն վերլուծել են միջոցառման ընթացքում ներկայացված բոլոր փաստարկները։

Պատգամավորները քննարկել են ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրների ձգտումները, ինչպես նաև այն հարցը, թե արդյո՞ք Միությունն ինքը պատրաստ է ընդունել նրանց։ Յուրաքանչյուր երկիր բախվում է դիվանագիտական ​​խոչընդոտների և քաղաքական զգայուն հարցերի՝ իրականացնելով բարեփոխումներ։ ԵԽ պատգամավորների պնդմամբ՝ առաջընթացը կարող է արագ լինել, սակայն հետընթացը կարող է նույնքան ցնցող հետևանքներ ունենալ։