Թուրքիայում հակաիսրայելական ցույցեր են անցկացվել
Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել՝ ուղղված Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակմանն ու այնտեղ ցամաքային նոր օպերացիա սկսելու դեմ։
Ինչպես նշում է haqqin.az-ը՝ Hurriyet-ին հղումով, Ստամբուլում ցուցարարները հավաքվել են Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ։ Նրանք ծածանել են Պաղեստինի դրոշն ու վանկարկել «Մարդասպա՛ն Իսրայել, ռադդ քաշի՛ր Պաղեստինից», «ՀԱՄԱ՛Ս, հարվածի՛ր Իսրայելին» կոչերը։
Թուրք իրավապահները չեն միջամտել, քանի դեռ ցուցարարները չեն կոտրել հյուպատոսարանի դռներն ու փորձել ներս մտնել։ Այդ ժամանակ ոստիկանները ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են կիրառել։ Որոշ ժամանակ անց ամբոխը ցրվել է։
Մինչդեռ Անկարայում 1.000 հոգանոց ամբոխը հավաքվել է Իսրայելի դեսպանի նստավայրի մոտ՝ քարեր նետելով շենքի ուղղությամբ, կոտրելով դրա պատուհաններն ու կախելով Պաղեստինի դրոշը։ Աղբյուրը նշում է, որ բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև Ադանայում ու Իզմիրում։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտությունը սրվել է՝ հանգեցնելով ռազմական գործողությունների վերսկսման։










