Boeing-ի ուղևորը սոցցանցում կանխատեսել է ինքնաթիռի կործանումը. ԶԼՄ-ներ

11:28 • 18.07.14

Նիդեռլանդների քաղաքացի Կոր Պանը, ով եղել է Ուկրաինայի արևելքում կործանված մալայզիական Boeing 777-ի ուղևորներից, լուսանկարել է ինքնաթիռը թռիչքից առաջ և տեղադրել լուսանկարը Facebook-ում՝ դեպքը կանխատեսող գրությամբ, հաղորդում է Daily Mail-ը:

 

Նիդեռլանդների հյուսիսում գտնվող Վոլենդամ գյուղի բնակիչ Կոր Պանը տեղադրել է լուսանկարը սոցցանցում թռիչքից րոպեներ առաջ: «Եթե այն անհետանա, իմացեք՝ ինչ տեսք ունի»,- լուսանկարի տակ գրել է հոլանդացին:


Նրա հաղորդագրությունը վերաբերել է մարտի 8-ին տեղի ունեցած ողբերգությանը, երբ Boeing 777-200 ինքնաթիռը, որը նույնպես պատկանում էր Malaysian Airlines ավիաընկերությանը, անհետացավ ռադարների էկրաններից: Ինքնաթիռի որոնման աննախադեպ գործողությանը մասնակցել է 26 երկիր, բայց դրա հետքերը մինչ այժմ չեն հայտնաբերվել:

 

Պանի ընկերները պատասխանել են կատակին և նրան բարի թռիչք մաղթել: Աղետի մասին հաղորդումներից հետո շատերը սկսել են լուսանկարի տակ ցավակցության խոսքեր գրել։