Կործանված Boeing-ում եղել է ԱՀԿ մամուլի խոսնակը. դեպքի վայրում հայտնաբերվել է 121 դի

11:31 • 18.07.14

Ռուս-ուկրաինական սահմանի մոտ երեկ կործանված Boeing 777 ինքնաթիռում գտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի խոսնակ Գլեն Թոմասը, ով Նիդեռլանդների քաղաքացի էր։


Ինչպես նշում է РИА-Новости-ն, ավիավթարի զոհերի թվում եղել են գիտնականներ, բժիշկներ, ովքեր պատրաստվում էին մասնակցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմային նվիրված միջազգային համաժողովին։

 

Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են, ներկայում մասնագետները փորձում են պարզել նրանց ինքնությունը։

 

Korrespondent.net-ը հավելում է, որ դեպքի վայրում արդեն հայտնաբերվել է 121 դի։ Ավիավթարի հետևանքով բռնկված հրդեհն արդեն մարված է, իսկ դիակների որոնման աշխատանքները շարունակվում են։

 

РИА-Новости-ն հավելում է, որ Malaysia Airlines-ին պատկանող ուղևորատար օդանավի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն։ Ուկրաինան տեղի ունեցածի համար մեղադրում է Ռուսաստանին, իսկ վերջինս՝ Ուկրաինային։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ իրենց հաջողվել է որսալ 2 հեռախոսազրույց, որոնց ընթացքում ռուսամետ անջատողականները խոստովանում են, որ խփել են մալայզիական Boeing 777 ուղևորատար ինքնաթիռը։

Հեռախոսազանգերը տեղի են ունեցել Ռուսաստանի ռազմական հետախուզության ծառայողների ու ռուսամետների միջև։ Նշվում է, որ հեռախոսազանգերն արվել են ավիաաղետից րոպեներ անց՝ դեպքի վայրից (Դոնեցկ) մոտ 80 կմ հեռավորության վրա։