Ինտերպոլը պատրաստ է օգնել Ուկրաինայում Boeing-ի կործանման պատճառների հետաքննությանը
Ինտերպոլը պատրաստ է միանալ Ուկրաինայում մալայզիական ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, ասված է ուրբաթ կազմակերպության տարածած հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն:
«Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլն աջակցություն է առաջարկել Ուկրաինայում ինքնաթիռի վթարի հետաքննության և զոհերի ճանաչման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության մասին առաջին տեղեկության հայտնվելուց անմիջապես հետո Ինտերպոլի համակարգող կենտրոնն անհապաղ կապվել է Հաագայում, Կիևում և Կուալա Լումպուրում ազգային բյուրոների հետ՝ աջակցություն տրամադրելու առաջարկով:
«Յուրաքանչյուր ողբերգությունից հետո հանուն բոլոր նրանց, ովքեր զրկվել են կյանքից, մենք պարտավոր ենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել և անել անհրաժեշտ ամենն ապագայում նման դեպք թույլ չտալու համար»,- հայտարարել է Նոուբլը։
Ուկրաինայի արևելքում ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ։










