Մեծ Բրիտանիան հիասթափված է ադրբեջանցի ակտիվիստին քաղաքական դրդապատճառով ազատազրկելու փաստից

14:40 • 18.07.14

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնն արձագանքել է Ադրբեջանում Intelligent Citizen ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, քաղաքացիական ակտիվիստ Հասան Հուսեյնլիի ձերբակալությանը՝ նշելով, որ ինքն անչափ հիասթափված է այդ փաստից։


«Մեծ հիասթափությամբ եմ ընդունել Հուսեյնլիին խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտելու լուրը»,- մեջբերում է gov.uk կայքը Լիդինգթոնի խոսքերը։

 

Պաշտոնյան հավելել է, որ վերջին տարիների ընթացքում Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանատունը սերտ համագործակցել է Հուսեյնլիի հետ՝ մի շարք նախագծերի շրջանակներում։ Լիդինգթոնն ընդգծել է, որ Հուսեյնլին համալրեց այն քաղաքացիական ակտիվիստների շարքերը, որոնք երկարատև ազատազրկման են դատապարտվել։

 

«Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանին ուշադրություն դարձնել շատերի կողմից արձանագրված այն մտահոգություններին, որոնք վերաբերում են քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալելու և ազատազրկման ենթարկելու միտումներին»,-ասել է բրիտանացին։