Լևոն Հայրապետյանը չի ընդունում իր մեղքը. գործարարի վստահված անձ Մացակ Փոլադյան
Ռուսաստանում 2 ամսով կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանը չի ընդունում իր մեղքը: Այս մասին Tert.am-ին Նիսից հայտնեց վերջինիս ընկեր և վստահված անձ, գործարար Մացակ Փոլադյանը, ով ավելացրեց, որ Լևոն Հայրապետյանի ռուսաստանյան ընկերներից, այդ թվում՝ նաև իրավապահ շրջանակներից ստացել է հավաստիացումներ, որ գործը սարքված է:
«Առավոտվանից իրենց հետ կապի մեջ եմ, էդ նույն տղաները, որոնց հետ ինքը շփվում է,իրենք առանց քաշվելու ասում են՝ էս սարքած գործ է, բայց շատ բան հեռախոսով չենք կարող ասել։ Հիմա ո՞վ է սարքել, ինչի՞ է սարքել, սա արդեն առաջիկա մի քանի օրերին կերևա: Իր ընկերները, որոնք որ լիազորված մարմիններին շատ մոտիկ անձեր են, իրենք են ասում, հասկանո՞ւմ եք, ինչ եմ ասում»,- պատմեց Լևոն Հայրապետյանի ընկերը:
Նա հաստատեց, որ երեկ կեսօրին ապահովվել է Լևոն Հայրապետյանի ինսուլինի ներարկումը, ինչից հետո բարելավվել է նրա առողջական վիճակը։ «Շատ-շատ վատ էր, և՛ առողջությունը, և՛ իր հոգեկան վիճակը, բայց երեկ երեկոյան մի քիչ ավելի լավացել էր»,- ասաց Մացակ Փոլադյանը, ում մոտ է ապրել Լևոն Հայրապետյանը Նիսում:
«Ինքն արդեն լավ չէր զգում այստեղ, գնացինք միասին Փարիզ, որ գնանք Երևան, ինքը Փարիզում վատացավ, դա անցած շաբաթ-կիրակի էր: Բժիշկ կանչեցինք, ինքը և՛ ճնշումի հետ պրոբլեմ ուներ, և՛ շաքարային դիաբետի, ուժեղ գլխացավ»,- ասաց նա:
Ըստ վերջինիս՝ Լևոն Հայրապետյանը իր այդ վատառողջ վիճակում շտապել է գալ Հայաստան ու Ղարաբաղ՝ այնտեղ ռազմական ուսումնարանի բացման աշխատանքները արագացնելու համար:
«Որովհետև ինքը խոստացել էր մինչև տարվա վերջ բացել ուսումնարանը, և որովհետև գործը դանդաղում էր, ասաց ՝գնամ 3-4 օրով Ղարաբաղ, տեսնեմ ո՞նց են ուսումնարանի գործերը, վերադառնամ»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ Լևոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել էր իր պաշտպանյալի նկատմամբ մինչև սեպտեմբերի 15-ը կալանք սահմանելու որոշումը, բայց Մացակ Փոլադյանը վստահ չէ՝ երբ կլինի հայցի քննարկումը՝ 24 ժամվա՞ մեջ, թե ՞ ավելի:
Մացակ Փոլադյանը, ամեն րոպե՝ կախված զարգացումներից, պատրաստվում է մեկնել Մոսկվա:










