Պատերազմը դուրս է եկել Ուկրաինայի սահմաններից. Պորոշենկո (տեսանյութ)

13:13 • 18.07.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ երկրի արևելքում պատերազմի հետևանքներն արդեն հասել են ամբողջ աշխարհին։ Այդ մասին նա ասել է Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված տեսահաղորդագրությունում, որն այս գիշեր հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է comments.ua-ն

 

«Այսօր պատերազմը դուրս է եկել Ուկրաինայի տարածքից։ Այս պատերազմի հետևանքները հասել են արդեն ամբողջ աշխարհին։ Ողբերգությունը, որը տեղի է ունեցել այսօր Դոնբասի երկնքում, խորապես ցնցում է նույնիսկ տխուր և ցավալի իրադարձությունների ֆոնին, որոնք առաջացրել են ագրեսորների և գրոհայինների գործողությունները Դոնբասում։ Այսօր ահաբեկիչները մեկ հարվածով գրեթե 300 մարդ են սպանել։ Նրանց թվում կան կանայք, երեխաներ, աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ։ Նրանք հարվածել են խաղաղ ուղևորատար մալայզիական ինքնաթիռին, որը թռիչք էր իրականացնում Ամստերդամ- Կուալա Լումպուր երթուղով»,- ասել է Պորոշենկոն։

 

Նախագահը պետության անունից «ցավակցություն է հայտնել անմեղ զոհերի ընտանիքներին և հարազատներին»։
«Ցանկանում եմ հայտնել, որ գրոհայինների առաջնորդներից մեկն իր ռուս համակարգողի՝ ՌԴ Զինված ուժերի Գերագույն շտաբի Գլխավոր հետախուզական վարչության գնդապետ Վասիլի Գերանինի հետ զրույցում հպարտացել է կործանված ինքնաթիռով»,- նշել է Պորոշենկոն։

 

Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ իր հանձնարարությամբ կառավարությունը ստեղծել է պետական հանձնաժողով՝ աղետի պատճառները հետաքննելու համար. աշխատանքներում ընդգրկված են նաև Քաղավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները և Նիդեռլանդների, Մալայզիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։