Boeing-ի ողբերգությունն ապացուցում է ուկրաինական ճգնաժամն արագ կարգավորելու անհրաժեշտությունը. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-ուկրաինական սահմանին մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանմանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ ապացուցում է, որ ուկրաինական սուր ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել որքան հնարավոր է արագ։
Ինչպես նշում է Вести-ն, Պուտինը հանձնարարել է մանրակրկիտ ու օբյեկտիվ հետաքննել ավիավթարի բոլոր մանրամասները։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պուտինը հայտարարել է, որ մալայզիական ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ուկրաինական իշխանությունները։ Ռուս առաջնորդի խոսքով՝ այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղություն լիներ։
«Անկասկած, պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել դա, պատասխանատվություն է կրում սարսափելի ողբերգության համար։ Այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե այդ երկրում խաղաղություն լիներ, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները»,- ասել է Պուտինը։
Նա նաև իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին, քանի որ կործանված ինքնաթիռի ուղևորների մեծը մասը Նիդեռլանդների քաղաքացիներ են եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օդանավի զոհված ուղևորների թվում է եղել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Գլեն Թոմասը. նա ևս Նիդեռլանդների քաղաքացի էր։










