Հայաստանը իրանական գազի տարանցիկ ճանապարհ դարձնելու համար ներդրումներ են պետք. ՀՀ-ում Իրանի դեսպան

13:28 • 18.07.14

Իրանի գազը դեպի այլ երկրներ հասցնելու և Հայաստանը գազի տարանցիկ երկիր դարձնելու համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, իսկ դրա համար՝ մեծ ներդրումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նա նշեց, որ ներկայումս գոյություն ունեցող գազի խողովակներով հնարավոր չէ գազի տարանցում իրականացնել:


«Մենք Ռուսաստանի հետ ունենք լավ հարաբերություններ, երկու երկրներ ենք և կարող ենք գազի ոլորտում լավ համագործակցել»,- ասաց նա:


Հարցին, թե պաշտոնական Երևանից ցանկություն չկա համագործակցել այս հարցում, պատասխանեց. «Էներգակիրների տարանցման համար պետք է համապատասխան ենթակառուցվածք, իսկ ՀՀ կառավարությանը՝ ժամանակ: Եթե կստեղծվեն համապատասխան տրամաչափի խողովակներ, ապա որևէ խնդիր չի լինի, Հայաստանի միջոցով տարանցելու»:


Դիտարկմանը, թե նախկինում դեսպանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի ցածր գնով գազ մատակարարել, քան դա անում է Ռուսաստանը, պատասխանեց. «ՀՀ Էներգետիկայի նախարարը պետք է այց ունենա Իրան, գուցե այդ խնդիրը այնտեղ քննարկվի: Բայց մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցել»:


ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձավ նաև վերջերս իր և «Ախթամար» արևային սարքի հեղինակ Վահան Համազասպյանի հանդիպմանը, որի ընթացքում, ըստ մամուլի հրապարակումների, Իրանը հետաքրքրված է սարքով:


«Ես ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ նման կերպ մեկնաբանեցին դա, այն ինչ-որ տվյալ լրատվամիջոցը ներկայացրել էր, ընդհանրապես չէր արծարծվել այդ հանդիպմանը: Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ն պետք է ճշտապահ լինի և ներկայացնի իրողությունը: Դրվատանքի է արժանի այն աշխատանքը, որ արել է Համազասպյանը: Նա ուղղակի ինձ հրավիրել էր այցելել կենտրոն, որպեսզի տեսնենք, թե արդյոք կան համագործակցության եզրեր: Իրանում ևս մեծ աշխատանք է տարվում, արևային էներգիայի ստացման համար»,- ասաց նա։