Սաակաշվիլին անդրադարձել է կործանված Boeing-777-ին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Ուկրաինայում Boeing-777 մալայզիական ինքնաթիռի կործանմանը և իր դժգոհությունն է հայտնել Եվրոպայի գործողությունների առնչությամբ, որը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում Ռուսաստանի դեմ:
«Երեկ Եվրոպական խորհուրդը կրկին չկարողացավ պայմանավորվել լուրջ, այսինքն՝ ոլորտային պատժամիջոցների շուրջ։ Երեկ ողջ մարդկանցով ինքնաթիռն ընկավ երկնքից: Բայց այդ ողբերգությունը երկնքից չի ընկել, այն պատրաստվում էր արդեն վաղուց: Եվրոպայի աչքի առաջ ռուսական զրահատեխնիկան և հակաօդային պաշտպանության միջոցները հատում են ինքնիշխան Ուկրաինայի՝ տարածքով ամենամեծ եվրոպական պետության սահմանը, և Եվրոպան նախընտրում է անամոթաբար այլ կողմ նայել»,-գրել է Սաակաշվիլին Facebook-ում:
«Մի քանի ամիս առաջ Բրյուսելում համաժողովի ժամանակ իմ քննադատական ելույթի ընթացքում եվրոպական մի մեծ երկրի արտաքին գործերի նախարար, ում երկրի ներկայացուցչին, իմիջիայլոց, ցանկանում են տեսնել Եվրոպայի արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար, ագրեսիվ առարկեց ինձ. «Ինչ է, Դուք մեզ առաջարկում եք ռմբակոծե՞լ Ռուսաստանը», ինչին ես պատասխանեցի՝ «Ո՛չ, սպասեք մինչև իրենք Ձեզ ռմբակոծեն»: Իհարկե, շատերը դահլիճում իմ խոսքերը համարեցին ոչ դիվանագիտական», - շարունակել է Սաակաշվիլին՝ ակնարկելով Իտալիային:
Սաակաշվիլիի խոսքով՝ այդ ամենաթողության գլխավոր մեղավորը նստած է Կրեմլում, բայց առանց Բեռլինում, Բրյուսելում, Հռոմում և այլուր մեղսակիցների՝ «դժվար Կրեմլի այդ արնախումը համարձակվեր ամենօրյա արյունալի որսի դուրս գալ»:










